Լրահոս

01.10.2009 14:10


ՀՀ դատախազությունը՝ բռնաբարության դեպքի մասին

Հոկտեմբերի 1-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է հոդված, թե անչափահաս աղջկա բռնաբարությունն ու սպանությունը կատարելու վերաբերյալ Ա.Պողոսյանին ինքնախոստովանական ցուցմունքներ հարկադրած ոստիկանության աշխատակիցներն ու դատախազության քննիչը մնացել են անպատիժ, ինչը,  մեղմ ասած, ապատեղեկատվություն է:

Կարևորելով հասարակության օբյեկտիվ եւ ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքից՝ ստորև ներկայացնում ենք դիտարկվող արարքի համար մեղավոր անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն:

Մասնավորապես՝ 13-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանի բռնաբարության եւ սպանության փաստերի  առթիվ հարուցված քրեական գործի քննության հետաքննություն և նախաքննություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից ապօրինություններ թույլ տալու դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում պաշտոնեական լիազորություններն անցած, քաղաքացուն բռնությունների կիրառմամբ  սուտ ցուցմունքներ հարկադրած ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային վարչության աշխատակիցներն ու դատախազության քննիչը ենթարկվել են պատասխանատվության: Մասնավորապես նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ  ՆԳՆ Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մարտինի Սահակյանը, անչափահաս Գ.Ղանդիլյանի բռնաբարության եւ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում  հետաքննություն իրականացնելիս 1998 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Լոռու ՄՆԳ վարչության վարչական շենքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ, անձնական արժանապատվությունը վիրավորող գործողությունների զուգորդմամբ բռնություններ է գործադրել Սրատովկա գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանի նկատմամբ՝ հարկադրելով նրան ընդունել անչափահասին բռնաբարելու եւ սպանելու փաստը: Ավելին՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա.Պողոսյանի նկատմամբ բռնություններ են կիրառել նաև Ռ.Սահակյանի ենթակաները ՝ վերջինիս հանձնարարությամբ: Արդյունքում՝ Ա.Պողոսյանը, անմեղ լինելով հանդերձ,  հարկադրանքի ազդեցության տակ տվել է սուտ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ, որի հետեւանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման և փաստացի 5 տարի 6 ամիս 9 օր անցկացրել ազատազրկման վայրում: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից քննվող մեկ այլ քրեական գործով բացահայտվել է անչափահասի սպանությունն իրականացրած իրական անձը և ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ Ա.Պողոսյանն արդարացվել է, ինչի մասին հրապարակավ հայտարարվել է:ՀՀ գլխավոր դատախազի  ցուցաբերած հետևողականության արդյունքում մեղավոր անձինք ենթարկվել են ինչպես քրեական, այնպես էլ կարգապահական պատասխանատվության: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ՀՀ  ՆԳՆ Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Ռ.Սահակյանին եւ Վանաձորի բաժնի միլիցիոներ Գ.Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել և 2005 թվականի ապրիլի 16-ին քրեական գործն ուղարկվել դատարան, իսկ  Տաշիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից «Ջիգիթ» մականունով Արթուր Տոմերյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատախազության քննիչ Միքայելյան Նորիկը 2005 թվականին հեռացվել է համակարգից: Ընթերցողներին ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու ցանկություն ունենալու դեպքում որևէ տեղեկատվություն հրապարակելուց առաջ լրատվամիջոցները կարող են օգտվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց ընձեռված իրավունքից եւ գրավոր տեղեկատվություն հայցեն պետական մարմիններից՝ ապատեղեկատվություն տարածելուց խուսափելու համար: Եթե իհարկե տվյալ լրատվամիջոցի համար հիրավի կարեւոր է օբյեկտիվ տեղեկատվության տամադրումը եւ ոչ թե մերկապարանոց հայտարարություններով հանդես գալը:

ՀՀ Գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը