Լրահոս

01.10.2009 11:43


Հատված Էդվարդ Նալբանդյանի ելույթից

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես ասել է.

-Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ նման հարգարժան լսարանի առջև: Շնորհակալություն եմ հայտնում ընձեռված հնարավորության համար՝ Ձեզ ներկայացնելու մեր մոտեցումներն ու ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի, նախաստորագրված փաստաթղթերի և հնարավոր զարգացումների ու մտահոգությունների մասին:Ողջունում եմ այս նախաձեռնությունը. ԱԺ կողմից նման հարցերի քննարկումներն անհրաժեշտություն են: Այն հնարավորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ լսել տարբեր տեսակետներ, հասկանալ որոշակի հարցերի շուրջ հասարակության մեջ առկա ընկալումների, տրամադրությունների ողջ պատկերը: Այս քննարկումներն անհրաժեշտություն են։ Անհրաժեշտություն են ոչ միայն հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դրույթներից բխող հասարակական քննարկումների շրջածրում, այլև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հարաբերությունն ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական այն խնդիրներից է, որը պահանջում է հնարավորինս համապարփակ քննարկում:

Անկախությունից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Այժմ մենք իրականացնում ենք տարիներ շարունակ արտահայտված Հայաստանի ձգտումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դուրս են զուտ քաղաքական երկկողմ հարաբերություններ լինելու շրջանակից և ընդգրկում են այնպիսի խնդիրներ, որոնց վրա իրենց ազդեցությունն ունեն պատմական, բարոյահոգեբանական և մի շարք այլ գործոններ:

Բնական է, որ նախաստորագրված փաստաթղթերի հրապարակայնացումից հետո հասարակական քննարկումների ընթացքում դրանց վերաբերող տեսակետները բազմազան են և հաճախ՝ իրարամերժ:

Մեր խնդիրն այսօր ոչ թե մոտեցումների հակադրումն է և տարբեր նժարների վրա դնելը, այլ դրանց համադրումն առաջ շարժվելու համար:

Պատասխանելով հնչած մեղադրանքներին և մտահոգություններին՝ Է. Նալբանդյանը հայտարարել է.

-Արդյոք առկա՞ են նախապայմաններ. ո՛չ և մեկ անգամ ևս՝ո՛չ: Կասկածի տակ ենք առնում Հայոց ցեղասպանության հարցը, խոչընդոտում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը. ո՛չ և մեկ անգամ ևս՝ ո՛չ: Գոյություն ունի կապ նախաստորագրված փաստաթղթերի և ԼՂՀ բանակցային գործընթացի միջև. ո՛չ և մեկ անգամ ևս՝ ո՛չ: Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում Ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Հարցականի տակ չի դնում Ցեղասպանության իրողությունը և Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը: Դրա մասին ես, որպես ԱԳ նախարար, հայտարարել եմ անգամ Թուրքիայում 2008թ. նոյեմբերին Ստամբուլում:

Այս խորագրի վերջին նյութերը