Մեկնաբանություն

10.01.2015 23:08


Հետտոնական ընկճախտ. ինչպես դուրս գալ դրանից

Հետտոնական ընկճախտ. ինչպես դուրս գալ դրանից

Ավարտին են մոտենում ամանորյա արձակուրդները, և հետտոնական ընկճախտը (դեպրեսիա) կրկին գլուխ է բարձրացնելու: Համենայնդեպս, դա են հերթական անգամ փաստելու առաջիկա օրերին տեղի ունենալիք մամուլի ասուլիսների բանախոսները: Մեզանում դա ավանդական է դարձել:

Հոգեբանները, հոգեբույժները, հոգեթերապևտները, սոցիոլոգները խոսելու են «դատարկության զգացողությունից», որն առաջանում է տոնական սեղաններից հեռանալուց հետո:

Բայց պետք չի հոգեվերլուծաբան լինել՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Նոր տարվա պարտադիր ծախսերի տակ ընկած Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության նեղված տրամադրությունը:

Վարկով կամ պարտքով նշած տոնը, ամեն դեպքում, մի տեսակ արհեստական է դառնում: Ու երբ արհեստական տոնական տրամադրությունը թողնելով հետևում՝ կրկին վերադառնում ես գաղջ իրականություն, ընկճախտն անխուսափելի է:

Որպես կանոն՝ անկումային տրամադրություններից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխել կենսակերպը, առօրյան, հնարավորության սահմաններում՝ իրականությունը: Պարզ մեխանիզմ է:

Եթե մենք չփոխենք Հայաստանի այսօրվա իրականությունը, հետտոնական ընկճախտն ավելի խորացած ձևով շարունակվելու է մինչ նոր Ամանոր: Փոխել իրականությունը ոչ միայն իրատեսական է, այլև կենսական անհրաժեշտություն:

Մեր այսօրվա դեպրեսիայի մեղավորները, ընկճախտի պատասխանատուները պետք է հեռանան: Բացարձակ մեծամասնությունը դա կարող է և պե՛տք է անի: Առավել ևս, որ առաջնորդող ուժերն իրենց հերթին պատրաստվում են դրան:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը