Մեկնաբանություն

09.01.2015 19:14


Մի տեղից անընդհատ սեղմելուց մյուսից անպայման դուրս է ժայթքելու

Մի տեղից անընդհատ սեղմելուց մյուսից անպայման դուրս է ժայթքելու

Աշխարհը կրկին խոսում է ահաբեկչությունից: Թիվ մեկ քննարկվող թեման Փարիզում տեղի ունեցած ողբերգությունն է:

Կատարվածի պատճառների մասին վերլուծություններում ավելի հաճախակի է հնչում միտքը, որ եթե անընդհատ սեղմում ես մի տեղից, մյուսից անպայման դուրս է ժայթքելու:

Այն, ինչ կատարվեց տոլերանտ, քաղաքացու ազատությունները հարգող Ֆրանսիայում, որակվում է որպես ոչ պատահական ողբերգություն...

Պետական տեռոր՝ ավտորիտար, մշուշոտ ապագա ունեցող պետություններին բնորոշ գործելաոճ: Լեգիտիմ բռնության իրավունքը պետության անքակտելի հատկանիշներից է: Այս գաղափարն առաջինն արտահայտեց Էնգելսը: Թե ինչ հանգրվանի այն հասցրեց դրա «կրողներին», պատմությունից հայտնի է բոլորին:

1987թ. Ժնևի կոնվենցիան ընդունեց պետական ահաբեկչությունը բնութագրող հռչակագիր: Դրանում ամրագրված կետերն այսօր ուղղակի առկա են «սոցիալական, իրավական, ժողովրդավարական» Հայաստանում:

Եվրոպացիների ընդունած տարբեր հռչակագրերին գումարենք այսօրվա հայաստանյան իրողությունները՝ ստացվում է տեռոր, դեռ մի բան էլ ավելին: Պետությունը՝ ի դեմս իշխանության, հետևողականորեն աղքատացնում է բնակչությանը, ստիպում զանգվածաբար լքել սեփական երկիրը, վտանգում է պատերազմում հաղթանակի գնով ձեռք բերված ինքնիշանությունը: Սոցիալական անարդարության մասին հատորներ կարելի է գրել: Միայն հայտնի անձնավորության մասին անեկդոտներն ամեն ինչ ասում են:

ՀՀ փոխոստիկանապետը հրապարակավ սպառնալիքներ է տեղում ու գլուխ գովում, թե իր գերագույն հրամանատարից ոչ մի նկատողություն չի ստացել...

Մի խոսքով, պետական ահաբեկչությունները տարբեր ձևով են արտահայտվում: Բայց ոսկե կանոնը, որ մի տեղից անընդհատ սեղմելուց մյուսից այնպայման դուրս է ժայթքելու, պարտադիր գործում է, այդ թվում՝ ժողովրդավարության օրրանը համարվող Ֆրանսիայում:

Հայաստանի իշխանությունը, բացի ցավակցական ուղերձներ հղելուց, պետք է վերջապես հասկանա պարզ ճշմարտություններ՝ դրանից համապատասխան հետևություններ անելով:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը