Հարցազրույց

09.01.2015 11:19


Սերժ Թանկյան. «Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր իրական պատմությունը»

Սերժ Թանկյան. «Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր իրական պատմությունը»

«System of a Down» խումբը հանդես է գալու «Wake Up the Souls» համաշխարհային շրջագայությամբ՝՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կավարտվի ապրիլի 23-ին Հայաստանում: Խմբի առաջատար Սերժ Թանկյանը պատասխանել է «The Rolling Stone»-ի հարցերին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

- Ինչո՞ւ որոշեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշել շրջագայությամբ:

-Դա այն առաքելությունն է, որը մենք ինքներս ստանձնել ենք: Կատարված աշխատանքի արդյունքը պետք է լինի Ցեղասպանության ճանաչումն ու արդարության հաստատումը:

Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր իրական պատմությունը: Խոսքը միայն հայերի, հույների և ասորիների ցեղասպանության մասին չէ, այլ նաև այն մասին, թե ինչ է տեղի ունենում այսօր:

-Ի՞նչ են պատմել Ձեզ Ցեղասպանությունը վերապրած Ձեր պապիկն ու տատիկը:

-Նրանք երկուսն էլ փոքր երեխաներ են եղել: Իմ տատն ու նրա տատը փրկվել են թուրքական փոքր քաղաքի քաղաքապետի շնորհիվ: Դեր Զորի անապատով նրանք փախել են Սիրիա: Պապս ջարդերի հետևանքով կորցրել է ընտանիքի մեծ մասին: Նա հայտնվել է մի շարք տարբեր մանկատներում, այնուհետև՝ հաստատվել Լիբանանում...

-Իսկ ինչո՞ւ «System of a Down»-ը երբեք ելույթ չի ունեցել Հայաստանում:

-Մենք առաջարկներ անընդհատ ստացել ենք, սակայն տարբեր պատճառներով այդպես էլ չի ստացվել... Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեր շրջագայությունը կավարտվի Հայաստանում:

Մենք երբեք ելույթ չենք ունեցել նաև Թուրքիայում, սակայն շրջագայության շրջանակում ցանկացել էինք համերգով հանդես գալ նաև այնտեղ: Սակայն թույլտվության համար իշխանություններին ուղղված մեր հարցումն այդպես էլ անպատասխան է մնացել:

Այս խորագրի վերջին նյութերը