Մեկնաբանություն

09.01.2015 11:00


«Ապահով Հայաստանի» դատաստանագիրքը

«Ապահով Հայաստանի» դատաստանագիրքը

«Ապահով Հայաստանում» մի շարք ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Հրապարակվել է, այսպես կոչված, դատաստանագիրքը, որտեղ ամրագրվել են երկրի կարգն ու կանոնը։

«Ապահով Հայաստանում» փոխոստիկանապետը ազատամարտիկին առաջարկում է հեռանալ մեր երկրից ու չպայքարել «նախաձեռնողական» իշխանությունների դեմ։ Փոխարենը՝ ոստիկանության հանդուրժող և աստվածավախ հայացքի ներքո՝ հյուրընկալ Հայաստանում հավաքվում են գողերը՝ իրացնելով իրենց ազատ տեղաշարժի իրավունքը։

Տեղին է հիշելը, որ երբ ազատամարտիկները վերջերս ուզեցել էին հավաք կազմակերպել, նրանց, իշխանությունների ցուցմամբ, դահլիճ չէին տրամադրել, իսկ ահա գողերի «սխոդկայի» համար ապահովվել են բոլոր «կոմունալ» հարմարությունները։

Տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ գողերին այստեղ հավաքողը Կանևսկոյն է։ Դա այն նույն Կանևսկոյն է, ով Երևանի Աջափնյակ համայնքում ընտրությունների ժամանակ տոկոս է «խփել» բարձր ղեկավարության համար։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունները պահպանում են արդարության սկզբունքն ու իրենց խոսքի տերն են «Դուք ինձ տոկոս, ես ձեզ՝ ազատ տեղաշարժի իրավունք» ծրագրի շրջանակներում։

Ի դեպ, գողական «սխոդկայի» ժամանակ ՀՀ–ն արտաքին քաղաքական ոլորտում իր հերթական ձեռքբերումն է արձանագրել ու հարվածներ հասցրել Ադրբեջանին։ Մամուլի հրապարակումներից հայտնի է դարձել, որ այստեղ «օրենքով գողի» կարգավիճակից զրկել են մի ադրբեջանցու։ Անշո՛ւշտ, սա «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության և մեր դեսպանատների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Սա նաև ցույց է տալիս, թե ինչպիսի արևմտամետ հայացքների տեր է «Վերջի բոլշևիկը»։

Անցնենք առաջ։

«Ապահով Հայաստանում» գործող դատաստանագրքի մեկ այլ դրույթի համաձայն՝ ազատամարտիկների վրա կարելի է քսի տալ «շակալներին»։ Դա նաև յուրօրինակ «մեսիջ» է Ադրբեջանին։ Ուղիղ համեմատական կապ կա մեր թշնամի երկրի լկտիության աճի և Հայաստանում ազատամարտիկների հանդեպ վերաբերմունքի միջև։

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը