Մեկնաբանություն

09.01.2015 01:15


Նալբանդյանական երկակի ստանդարտները

Նալբանդյանական երկակի ստանդարտները

Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատպարտել է հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը:

Հաճախ, երբ սահմանին իրավիճակը բարդանում է, կամ Հայաստանի հետ կապված ինչ–որ խնդիր է առաջանում, դժվար է լինում գտնել Նալբանդյանին կամ լսել նրա կարծիքը, սակայն Փարիզի դեպքերին Նալբանդյանն արագ արձագանքեց՝ նույն օրը:

Նալբանդյանը նույն եռանդով չի արձագանքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող ահաբեկչությանը: Երբ անհայտ անձը (այժմ արդեն հայտնի) հարձակվել էր պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, Նալբանդյանն այդ ժամանակ նույն եռանդով և օպերատիվությամբ չդատապարտեց քաղաքական այդ ահաբեկչությունը:

Ի դեպ, ՀՀԿ-ականները հետագայում հաստատել են, որ այդ հարձակման պատճառ է հանդիսացել Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Արամ Մանուկյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի մասին: Այսինքն, հարձակումն ակնհայտ քաղաքական ուղղվածություն է ունեցել, որի նպատակն է եղել ահաբեկելն ու վախեցնելը։

Կան մարդիկ, ովքեր գտնում են, որ նման ոճի հայտարարությունը քաղաքականության մեջ սխալ է, սակայն խոսքի ազատության տեսանկյունից Արամ Մանուկյանն ազատ է՝ արտահայտելու իր կարծիքը:

Փաստացի, ինչպես «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունն էր ծաղրանկարներ հրապարակելով Մուհամմեդ մարգարեի մասով իրականացնում իր ազատ խոսքի իրավունքը, այնպես էլ Արամ Մանուկյանն է իր դիրքորոշումը հայտնել: Ինչպես «Charlie Hebdo»-ի վրա հարձակումն է խոսքի ազատության վրա հարձակում, այնպես էլ Արամ Մանուկյանի վրա հարձակումը:

Ցանկացած քաղաքական գործիչ, ում համար սկզբունքային է խոսքի ազատության պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը, պետք է երկու իրադարձություններին էլ նույն արձագանքը տար: Իսկ ովքեր տարբերակում են դնում, նրանք սկզբունքային չեն, պարզապես անձնական շահերից ելնելով՝ վարքագիծ են դրսևորում:

Փաստացի, Նալբանդյանը Մանուկյանի վրա հարձակման դեպքում որևիցե հայտարարությամբ հանդես չեկավ: Նալբանդյանի համար կարևոր է Փարիզում խոսքի ազատության համար և ահաբեկչության դեմ պայքարը, սակայն նրան շատ քիչ են հետաքրքրում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները:

Երևի Նալբանդյանն իր ապագան ավելի շատ կապում է Ֆրանսիայի հետ, քան Հայաստանի: Հայաստանի քաղաքական գործիչների համար սովորական է դառնում պաշտոնը լքելուց հետո արտերկրում հայտնվելը: Տիգրան Սարգսյանը դրա վառ ապացույցն է: Նալբանդյանը, թերևս, նույնպես իր ապագան այդպես է պատկերացնում:

Նալբանդյանն ապագայում իրեն տեսնելով Ֆրանսիայում՝ ավելի արագ արձագանքում է Շառլ Ազնավուրի կամ Ֆրանսիայի քաղաքական կյանքին, քան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին կամ ներքաղաքական կյանքին առնչվող խնդրին: Ու դրա պատճառն ամենևին էլ այն չէ, որ նա արտաքին գործերի նախարարն է: Դա հոգեվիճակ է և մտածողություն։

Արմեն Գրիգորյան

Հ.Գ.։ Հայաստանում Նալբանդյանից բացի՝ էլի հանրային մարդիկ կան, ովքեր շտապել են արձագանքել Ֆրանսիայում տեղի ունեցածին, բայց ծպտուն չեն հանել ներքին կյանքում տեղի ունեցած ահաբեկչությունների ու բռնությունների կապակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը