Մեկնաբանություն

08.01.2015 17:26


«Տոնական եթերից» հետո ... ոչ տոնական մտքեր

«Տոնական եթերից» հետո ... ոչ տոնական մտքեր

Հայաստանում բանիմաց, գիտուն, տաղանդավոր մարդիկ վաղուց հետին պլան են մղվել, ավելին՝ հայտնվել են կյանքի հետնախորշերում: Փոխարենը, ինչպես կասեր աշուղը, ասպարեզում են հայտնվել «համբակները»՝ անգետ, ապաշնորհ, մեծամիտ «գլամուռային» զանգվածը:

Տգիտությամբ «փայլատակող» սնոբների մի ողջ «պլեադա» է պինդ տեղավորվել հեռուստաեթերում եւ շարունակ էկրանից ազգին ուսուցանում, խրատում, դաստիարակում, զբաղեցնում ու զվարճացնում է:

Սնամեջ նարցիսների, գունազարդված «փեփրոնների», պճնված դատարկագլուխների մի հսկա բանակ զավթել է եթերը և օրնիբուն շատախոսում է, երգում-պարում-արտասանում՝ ապահովելով մեր՝ հեռուստադիտողներիս «ուրախ ժամանցը»:

Ֆանտաստիկ բան եմ ասում, բայց ենթադրենք՝ «պլեչ» անելով համաշխարհային աստղերին՝ մի 30 տարի հետո հայկական շոու-բիզնեսի «աստղերն» էլ (հաղորդավար, երգիչ, դերասան) հանկարծ որոշեն գիրք գրել իրենց «ստեղծագործական ուղու» մասին:
Կարո՞ղ եք երեւակայել՝ ինչ են գրելու...

Գրելու են, որ առավոտից իրիկուն տարբեր հեռուստաեթերներում ճաշ էին եփում, միաժամանակ «ինտերվյու» էին տալիս, պատմում, թե ինչպես ծանոթացան իրենց «կյանքի երկրորդ կեսի հետ», հետո՝ ոնց բաժանվեցին, իսկ հետո՝ ինչպես նկարեցին իրենց հերթական «կլիպը», իսկ հետո՝ տոնական եթերների ժամանակ ինչպիսի «սյուրպրիզներ մատուցեցին», հետո՝ ինչպես իրենց տուն եկավ նկարահանող խումբը, որ էլի ճաշ եփեն...

Ուրիշ ի՞նչ են պատմելու այդ ներկած կաչաղակներն ու կնանման տղերքը...
Եթե վերջին անգամ գիրք կարդացել են 8-րդ դասարանում...
Կամ չեն էլ կարդացել:

Շատերի դեպքում նույնիսկ կասկածելի է տառաճանաչության աստիճանը:

Իսկ «տոնական սյուրպրիզների» մասով հերթական անգամ դառնում են տափակության եւ անճաշակության, առավել տխմար երգ-մլավոցների ռեկորդակիր:

Բայց դե, գիտեք, էլի՛, սրանք արդեն միմյանց «հանճար» ու «տիտան» են համարում, մի մասն էլ արդեն վաստակավորի կոչում ունի: Իսկ եթե ձգտում են ժողովրդական արտիստի կոչման էլ արժանանալ, ապա ամպհովանի պահելու մասով հերթագրվածների մեջ են:

Սրանք կարող են ռեստորաններից ու հարսանիքներից վազել պետական բեմահարթակներ ու նույն «ոգով» ելույթներ ունենալ:

Իսկ հիմնական աշխատատեղը եթերն է, որտեղից մեզ են ցուցանում իրենց սպառված, մաշված դեմքերը՝ ձանձաղ ու ծանծաղ «ասելիքով» և դես ու դենից կապկած «անելիքով»: Չեն «աճում», էլի՛, հո զոռո՞վ չի:

Հայկական «սերիալային ինդուստրիայում» նամշած ու բեզարած «տոռմուզ» են տվել ու մնացել են այնտեղ:

Մի խոսքով, հայտնի չէ, թե երբ է «հայոց» եթերը մաքրազարդվելու էս ամբողջ «ժելեաոսկեզօծված» զիբիլից:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Ինչ խոսք, առանձին բացառություններ կան, սակայն հայաստանյան հեռուստաեթերի ընդհանուր պատկերը շարունակում է այսպիսին մնալ:

Այս խորագրի վերջին նյութերը