Մեկնաբանություն

07.01.2015 22:50


Երբ պաշտոնյան պահանջում է իշխանափոխություն

Երբ պաշտոնյան պահանջում է իշխանափոխություն

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մոլդովայի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում մեկնաբանում էր, թե ինչու է իր երկիրը Եվրոպայի ամենաաղքատ պետությունը, և ինչպես է հնարավոր դուրս գալ տվյալ իրավիճակից: Մեծ հաշվով, հայաստանյան իրականությունից դուրս ոչ մի նոր բան չասվեց. ագահ ու ապաշնորհ իշխանություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ուշագրավը հետևյալն էր. Մոլդովայի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, ամեն դեպքում, ներկայացնում է պետությունը: Եվ ի՞նչ է ցանկանում նա իր երկրին՝ իշխանափոխություն:

«Հույս ունեմ, որ մինչև նախագահական ընտրությունները (Մոլդովայում դրանք կանցկացվեն 2017թ.-ին) բողոքի մեծացող ալիքի արդյունքում մեզ մոտ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասում է մոլդովացի չինովնիկը:

Պատերազմական, ավելի ճիշտ՝ լայնամասշտաբ պատերազմի պոտենցիալ պարունակող վիճակում գտնվող Հայաստանը Մոլդովայից շատ քիչ բանով է տարբերվում: Նույն չդադարող արտագաղթը, աղքատացող բնակչություն, հարստացող իշխանություն։ Պարզվում է, որ քաղաքական հաճախորդների խնդիրն արդիական է նաև Մոլդովայում. արտաքին ներդրումների կտրուկ նվազում, կյանքի որակի անկում և այլն:

Մենք այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ ձախողված իշխանության խոտանը հնարավոր չէ այլևս բարդել Ադրբեջանի վրա: Ժամանակն է, որ չինովնիկները, գործարարներն ու մնացած բոլոր նրանք, ովքեր նեղ շրջապատում բողոքում ու հայհոյում են, պահանջեն իշխանափոխություն: Հանկարծ այնպես չստացվի, որ կարճ ժամանակ անց Մոլդովայի վիճակին փառք տանք:

Վախթանգ Մարգարյան

P.S.։ Մի քանի օրից կհրապարկվեն 2014թ. երկրների վարկանշային տարբեր աղյուսակներն ու վիճակագրական տվյալները: Համեմատե՛ք մեր իրավիճակը, ասենք, նույն Մոլդովայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը