Մեկնաբանություն

07.01.2015 18:05


Գողականների «սխոդկան» ու «օֆշորային» իշխանությունը

Գողականների «սխոդկան» ու «օֆշորային» իշխանությունը

ՀՀ ոստիկանությունը, ըստ էության, հաստատել է, որ Հայաստանում գողերի «համամիութենական սխոդկա» է տեղի ունենում, ինչպես որ տարածվել էր մամուլով։

Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած հիմնարկից նաև հասկացրել են, որ իրենք չեն կարող խոչընդոտել այդ «սխոդկային»՝ հղում անելով մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին։

Ֆեյսբուքահայ հասարակությունը ցնցված է ու թափահարված։ Հայ քաղքենիներն իրար են խառնվել, թե ինչպես կարելի է թույլ տալ գողերի հավաք։

Բայց ցնցվել ու թափահարվել, առավել ևս՝ իրար խառնվել, պետք չէ։ Հայաստան ժամանած գողերը շատ ավելի անվնաս են ու անշառ, քան Հայաստանում գործող իշխանությունները։

Իհարկե, վատ է, որ Հայաստանը դառնում է գողական հավաքների միջազգային կենտրոն (Տիգրան Սարգսյանի ականջը կանչի)։ Սակայն եթե ՀՀ քաղաքացիները հանգիստ տարան «Հայկական աշխարհ» ունենալու գաղափարը ու վեց տարի հանդուրժեցին այդ գաղափարի հեղինակին վարչապետի աթոռին, եթե նույն այդ վարչապետը դարձավ օֆշորային սկանդալի հերոս, բայց ցուցմունքներ տալու փոխարեն հայտնվեց ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի կարգավիճակում, եթե Սերժ Սարգսյանի «տոկոսխփոցին» հանդուրժվեց, եթե դրամ–դոլար «աֆյորան» իշխանությունները մարսեցին, եթե տարիներ շարունակ թալանվում է բյուջեն, ու «ատկատահան» արվում պետական գանձարանը, ապա ինչո՞ւ պետք է գողերի հավաքն արգելվի, ինչի՞ մասին է խոսքը։ Մանավանդ, ինչպես ոստիկանությունից են արդարացել, մարդիկ ունեն ազատ տեղաշարժի իրավունք։

Հայաստանյան իշխանությունների նեղ շրջանակը գրեթե ամեն օր է «սխոդկաներ» անում, որի արդյունքում նախաձեռնվում է Հայաստանի ու Ղարաբաղի շահերի դեմ ուղղված «ֆուտբոլային» դիվանագիտություն, որի արդյունքում հարկային տեռորի է ենթարկվում բիզնես դաշտը, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը հետ է շպրտվում, աղքատները շատանում են, ու աճում է արտագաղթը և այլն, և այլն, և այլն։

Այնպես որ, իրար խառնվել ու արհեստական հառաչանքներ հանել պետք չէ։ Քանի դեռ այս իշխանություններն ու այս բարքերն են մեզանում, ոչ միայն գողերի «սխոդկաներ» կլինեն, այլ դեռ մի բան էլ այդ գողական «սխոդկաները», պետական կառավարման մարմինների կազմակերպած միջոցառումների համեմատ, կհամարվեն կուլտուրական ու բարձրաշխարհիկ միջոցառումներ։

Մեր երկրի գլխավոր գողերը լրիվ ուրիշ տեղ են հավաքվում և լրիվ այլ կարգի «սխոդկաներ» կազմակերպում։ Դրանց դեմն է պետք առնել, այլ ոչ թե միլիցեքի կրնկի տակ գործող հանցավոր տարրերի հավաքներից ուշագնաց լինել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը