Մեկնաբանություն

07.01.2015 16:41


Իշխանությունները հրապարակել են պարտության ու հետընթացի մանիֆեստը

Իշխանությունները հրապարակել են պարտության ու հետընթացի մանիֆեստը

«News.am»–ի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավական ուշագրավ ու վտանգավոր միտք է հայտնել։

«Հայաստանի առաջնահերթ խնդիրը հարևան Ադրբեջանի հետ խաղաղությունն է, ինչը թույլ կտա շարունակել բարեփոխումները երկրում»,– ասել է նա:

Սա կարելի էր սովորական ու խաղաղության հասնելու մասին հերթապահ հայտարարություն համարել, եթե չլինեին այս տարվա սկզբից Ադրբեջանի նախաձեռնած դիվերսիոն հարձակումները, չլինեին մեր ցավալի կորուստները։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ ՀՀԿ մամլո խոսնակի գնահատականները պետք է համարել ոչ թե խաղաղասիրական, այլ պարտվողական։

Թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատկերացնում խաղաղության հասնելու գործընթացը, տեղյակ ենք տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից։

Փորձը ցույց է տվել, որ ՀՀԿ ղեկավարը երբ ձգտում է խաղաղության, ստանում ենք լարվածության աճ, պատերազմական վիճակ, կորուստներ ու պարտություններ։ Նրա պատկերացրած «խաղաղասիրության» գագաթնակետին հասանք նախորդ տարվա օգոստոսին, երբ կանգնած էինք Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման շեմին։ ՀՀ քաղաքական ղեկավարության «նախաձեռնողական» ձախողումներն իրենց կյանքի գնով շտկեցին մեր զինվորները։

Սարգսյանի այդ «խաղաղասիրությունն» էր պատճառը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս մնաց միջազգային օրակարգից, իսկ Թուրքիան լեգիտիմ հնարավորություն ստացավ մխրճվել Ղարաբաղի հարցի շուրջ վարվող բանակցությունների խոհանոց։

Եվ ահա, ՀՀԿ–ից կրկին լսվում են «խաղաղասիրական» կոչեր։ Նշանակում է, որ մեզ ավելի քան լարված շրջան է սպասվում։ Հունվարի առաջին օրերին արձանագրվածն ասվածի հաստատումն է։

Եվ ուրմեն, զգուշանալ է պետք Սարգսյանի նախաձեռնած բոլոր «խաղաղասիրական» քայլերից ու կոչերից։ Զգուշանալ ու պատրաստվել։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկրի ներսում պետք է լուծենք խնդիրները, որպեսզի չպարտվենք Ադրբեջանի հետ պատերազմում։ Եվ ամենակարևորը՝ ներքին հաղթանակը հնարավորություն կտա խուսափել պատերազմից։

Իրականում պատերազմի տանում են, այսպես կոչված, խաղաղության կուսակցության ներկայացուցիչները։ Խաղաղության հասնելու լավագույն միջոցն Ադրբեջանին սեփական թուլությունն ու խաղաղության աղավնի լինելը ցույց տալը չէ։ Լավագույն միջոցներից է նաև Հայաստանում հաղթանակի հիմքերը դնելը, իսկ դրա համար փոփոխություններ են պետք։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ի դեպ, Շարմազանովը Հայաստանում բարեփոխումների շարունակականությունը կապել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հետ։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ Հայաստանում բարեփոխումներ չկան, հետևաբար հնարավոր չէ խոսել դրանք շարունակելու մասին։

Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ ՀՀԿ մամլո խոսնակը Հայաստանում բարեփոխումների իրականացման նախապայման է համարում ... Ադրբեջանի ցանկությունը։

Բոլորն էլ հասկանում են, որ խաղաղության հասնելը միայն Հայաստանի ու Ղարաբաղի ցանկությամբ չի պայմանավորված։ Նման ցանկություն պետք է հայտնի ու համապատասխան քայլեր այդ ուղղությամբ անի նաև Ադրբեջանը։ Իսկ Ալիևը ճիշտ հակառակն է անում։ Նրա համար Ղարաբաղի խնդրի լուծումը Ղարաբաղը և Սյունիքը գրավելն ու Երևանի մասին մտածելն է։ Համենայնդեպս, նրա հռետորաբանությունն է այդպիսին։

Հիմա եթե Շարմազանովը Հայաստանում իրականացվելիք բարեփոխումների բանալին տեսնում է Բաքվում, ապա դա երկու բան է նշանակում՝ կա՛մ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Ալիևի պահանջները բավարարելու գնով հասնել, այսպես կոչված, խաղաղության (ինչպես որ Աստանայում բավարարեցին Նազարբաևի շուրթերով հնչեցված Ալիևի պահանջները և իրավաբանորեն հրաժարվեցին Ղարաբաղից), կա՛մ հասկացնում են, որ ոչ մի բարեփոխում էլ Հայաստանում չի լինի, ու նախապես մատնանշում են, այսպես կոչված, պատճառը՝ Ադրբեջանի հետ խաղաղության չհասնելը, այսինքն՝ Ղարաբաղի խնդրի գոյությունը (սա Սերժ Սարգսյանի՝ «Արտագաղթի պատճառը Ղարաբաղի խնդրի առկայությունն է» թեզի փոխակերպված տարբերակն է)։

Նկատենք, որ Ղարաբաղի խնդրի առկայությամբ Հայաստանում բարեփոխումների անհնարինությունը պայմանավորելը վաղուց վարկաբեկված մոտեցում է, և ցույց է տալիս, թե Սերժ Սարգսյանի ղեկավարման ներքո ինչպիսի քաղաքական դեգրադացիայի է ենթարկվել իրեն նժդեհական համարող կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը