Մեկնաբանություն

06.01.2015 14:41


ՀՅԴ–ն լրացնում է ՕԵԿ–ի բացը

ՀՅԴ–ն լրացնում է ՕԵԿ–ի բացը

Թեև ՕԵԿ–ը փոքրաթիվ պատգամավորներով էր մասնակցում կոալիցիային, ու թեև ՀՀԿ–ն միայնակ տիրապետում է ԱԺ ձայների կեսից ավելիին, բայց Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժի որոշումը՝ հեռանալ կոալիցիայից, խնդիրների առաջ է կանգնեցրել Սերժ Սարգսյանին։ Բանն այն է, որ վերջինս մենակ է մնացել, ու մեծ դժվարությամբ է կարողանում խորհրդարանում անհրաժեշտ քվորում ապահովել։ Որոշումներն ընդունվում են «ճռռալով» ու մեկ–երկու ձայնի օգնությամբ։ Այսինքն, ԱԺ–ն խնդիրների առաջ է կանգնել դակիչ ֆունկցիան կատարելիս։

Բացի այդ, Սարգսյանը մենակ է մնացել նաև սեփական վերարտադրության ապահովմանը միտված սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում։

Եվ ահա, ՕԵԿ–ի բացը լրացվել է ՀՅԴ–ի միջոցով։ Դաշնակցական վերնախավն արդեն բացահայտորեն է կանգնում «Վերջի բոլշևիկի» կողքին, քանի որ «նեյնիմների» ժամանակները Սարգսյանի համար անցել են. նրան պետք են բացահայտված «մահապարտներ»։ Պատահական չէ, որ ԱԺ–ում ու դրա պատերից դուրս տեղի ունեցող քննարկումներում առանձին ՀՅԴ–ականներ վերջին շրջանում ավելի կրքոտ են փաստաբանություն անում Ս. Սարգսյանի համար, քան ՀՀԿ–ական օդիոզ դեմքերը։ Պատահական չէ նաև այն, որ հաճախորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է ազգայնական դաշտում իրեն դիրքավորող ՀՅԴ–ի մոլի պաշտպանը։

Ի դեպ, ՀՅԴ–ն միակ կառույցն է, որը պաշտպանում է սահմանադրական փոփոխությունների գաղափարը՝ հիմնավորելով այն սկզբունքային դիրքորոշմամբ, սակայն դա ընդամենը «ատմազկա» է, քանզի անգամ մանկապարտեզի երեխաները գիտեն, թե ինչ «սկզբունքայնության» մասին է խոսում դաշնակցական վերնախավը։

Ճիշտ է, սահմանադրական փոփոխությունները պաշտպանում է նաև ՀՀԿ–ն, բայց դա, այսպես ասած, ֆորմալ դիրքորոշում է (ՀՀԿ վերնախավում քիչ չեն այն մարդիկ, ովքեր դեմ են այդ փոփոխություններին)։ Իսկ ահա ՀՅԴ վերնախավի պարագայում գործ ունենք գործարքի հետ՝ «Ծառայությունների մատուցում՝ պաշտոնների դիմաց» տարբերակով։

Իսկ այն, որ կան պայմանավորվածություններ Ս. Սարգսյանի ու ՀՅԴ վերնախավի միջև, հաստատվում է նաև այս կամ այն դաշնակցականին պաշտոն տալու փաստով։

Բոլորս էլ գիտենք, որ Սարգսյանի կադրային քաղաքականության մեջ մասնագիտական որակները վերջին տեղում են գտնվում, կամ ընդհանրապես անտեսվում են։ Կարող ես Սուրիկ Խաչատրյան լինել, կարող ես կրկնահանցագործ լինել, կարող ես կատարյալ անգրագետ լինել քեզ վստահվող ոլորտում, բայց եթե ծառայում ես ՀՀԿ ղեկավարին, ապա կստանաս պաշտոն։

Սարգսյանի թիմում հնարավոր է հայտնվել նաև Արտաշես Գեղամյանի կարգավիճակով, այսինքն՝ մինչև վերջ վարկաբեկվելուց հետո։ Այդ դեպքում ՀՀԿ համամասնական ցուցակում կունենաս քո «պատվավոր» տեղը։

ՀՅԴ–ի դեպքում գործ ունենք երկրորդ՝ գեղամյանական տարբերակի հետ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն իբր քննադատող դաշնակցականները դիվանագիտական աշխատանքի անցան այն դեպքում, երբ Սարգսյանը որպես «սուրբ մասունք» է պահում հայ–թուրքական արձանագրությունները մեր խորհրդարանում՝ մինչ այդ հասցնելով հանգցնել Ծիծեռնակաբերդի լույսերն ու մերոնց մարզաշապիկների վրայից պոկել Արարատի նկարը։

Նալբանդյան Էդիկի հրաժարականը պահանջողները և «Նախագա՛հ, մի՛ զիջիր» գոռացողներն անցան Նալբանդյանի ենթակայության տակ դիվանագիտական աշխատանքի։ Եվ դա այն դեպքում, երբ իրենց նախագահը զիջել էր Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև զիջել էր Թուրքիայի մյուս նախապայմանը՝ ներգրավվել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում։ Դա, ի դեպ, չխանգարեց ՀՅԴ վերնախավին Ղարաբաղում փոխվարչապետի, դատախազի ու այլ պաշտոնի ստացման տեսքով գնալ գործարքի։

Հիմա էլ ԵՏՄ կառույցում է դաշնակցական նշանակվում։ Արա Նռանյանի դեմ անձնապես ոչինչ չունենք։ Նա ընդամենը կարգապահ կուսակցական է և մեկն այն բազմաթիվ մասնագետներից, որոնք կարող էին նշանակվել իր փոխարեն։ Լավ կամ վատ մասնագետ լինելը տվյալ դեպքում երկրորդական հարց է, քանզի վերևում արդեն նշեցի, թե որ սկզբունքներով է Սարգսյանը կադրային որոշումներ կայացնում։ Նույն այդ սկզբունքներից ելնելով է նա ԵՄ–ի հետ ասոցացում խաղացող, «թունդ արևմտամետ» ներկայացող ու Տիգրան Սարգսյանի սիրելի կադրերից հանդիսացող Կարինե Մինասյանին էլ ԵՏՄ կառույց ուղարկել, ինչպես նաև լավություն արել ՀՀԿ ցուցակի անդամ Խոսրով Հարությունյանին՝ նրա որդուն ԵՏՄ–ացնելով։ Ինչևէ։

Ու անհասկանալի է, թե ինչու են դաշնակցականները փորձում հա՛մ պաշտոն ստանալ, հա՛մ հերքել, որ ծառայության են անցել «Վերջի բոլշևիկի» մոտ։ Վախենում են գեղամյանական պիտակի՞ց։ Բայց չէ՞ որ վախենալով՝ դրանից չես խուսափի։ Թե քանի հոգու կփորձեն ՀՅԴ վերնախավի «սկզբունքայինները» գեղամյանությունը մատուցել որպես պետությանը ծառայելու պատրաստակամություն, կարելի է թողնել Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներին։

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ ՀՅԴ–ում շատ լավ գիտեն, որ փոխարինել են ՕԵԿ–ին և փոքր մասշտաբներով կատարում են Գեղամյանի ֆունկցիան, բայց մի տեսակ դիմադրում են ու այլ ձևակերպումներ են տալիս այդ ամենին։ Ու դեռ մի բան էլ՝ ագրեսիվ ձևով ինքնապաշտպանվում։

ՀՅԴ–ի «սկզբունքայիններին» թվում է, թե ՀՀ ֆիզիկական տարածքից դուրս պաշտոնների անցնելով՝ կարողանում են գործել ծածուկ ու մթության քողի տակ։

Իրենց նաև թվում է, թե ջայլամը խելացի կենդանի է, ու այդ կենդանու վարքագիծը որդեգրելով՝ կարելի է խուսափել գեղամյանական ակումբի անդամ դառնալուց կամ այդպիսին ընկալվելուց։ Դե, եթե թվում է, ապա ԵՏՄ–ում նման դեպքերում ընդունված է ասել, որ մուժիկը խաչակնքվում է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ՀՅԴ վերնախավի հետ Սարգսյանի բացահայտ «սիլի–բիլիները» ցույց են տալիս, որ ՀՀԿ ղեկավարը վախենում է մենակ մնալուց։ Նրա մոտ չստացվեց «քաղաքական լայն կոնսոլիդացիա» օպերացիան ու հիմա մնում է միայն ապավինել ՀՅԴ հեղափոփոխական վերնախավին։ Վերջինս զգացել է, որ «Վերջի բոլշևիկը» նեղն է, ու դրա համար փորձում է առավելագույն քանակի պաշտոն պոկել։ Բայց որպեսզի պահպանվի ՀՅԴ «ընդդիմադիր» դիմագիծը, հարաբերությունները մնում են «արտաամուսնական» մակարդակի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը