Մեկնաբանություն

05.01.2015 22:35


Մուծում ես դու, շահում է նա

Մուծում ես դու, շահում է նա

Մեծ հաշվով, մարդկության պատմության ընթացքում եղել են անարդարացի սահմանված հարկեր, որոնք կա՛մ շատ արագ վերացվել են, կա՛մ հանգեցրել են լուրջ պոռթկումների, ավելի կոնկրետ՝ իշխանափոխության: Խոսքն ամենևին հարկային օրենսդրության կամ հարկային մարմինների մասին չէ:

Իշխանություն-հասարակություն անջրպետն է բոլոր ժամանակներում եղել անհեթեթ օրենքների ու որոշումների պատճառը: Ավելի կոնկրետ՝ իշխանությունը, որը չի զգացել, որ վաղուց ու անվերադարձ չափն անցել է:

Մենք հռհռում ենք, երբ կարդում ենք, որ եղել են զուգարանից օգտվելու, ստվեր գցելու, հարևանիդ մեքենային երկար նայելու համար սահմանված հարկեր: Բայց միանգամից մռայլվում ենք, երբ խոսք է գնում օդի հարկի կամ կարմիր գծերի մասին:

Անվճարունակ հասարակության (ինչպիսին մերն է) պարագայում իշխանությունը պետք է լրջագույն պատասխանատվությամբ սահմաներ հարկերը, տույժերն ու տուգանքները:

Մեր պարագայում իշխանությունը ոչ թե հասարակությունից է կտրված, այլ պետական մտածողությունից: Այլապես տեսանկարահանող սարքերի տուգանքների 70 տոկոսն, ընդ որում՝ խայտառակ չափերով ու նույնքան խայտառակ գանձելու հնարքներով, չէր գնա կոնկրետ մարդու գրպանը: Դա նույնն է, ինչ Հին Հռոմում կիրառվող ազատության հարկը: Այն մուծում էր կամ ազատություն ստացած ստրուկը, կամ էլ նրա նախկին տերը... Սպարտակի հեղափոխությունից հետո այն դարձավ սիմվոլիկ:

Կամ, ասենք, 14-րդ դարում կյանքի համար սահմանված հարկը: Շատ հարմար էր. բոլոր ողջերը հարկ էին մուծում, հարստանում էր բացառապես մեկ ընտանիք: Այս հարկի պատճառով տեղի ունեցավ Անգլիայի պատմության մեջ ամենախոշոր ապստամբություններից մեկը, և հարկն այդ շատ արագ չեղյալ հայտարարեցին:

Մի խոսքով, վերցրե՛ք պատմության ընթացքում իրականությունից կտրված իշխանության գրպանը մեծացնող ցանկացած անհեթեթ ու «զվարճալի» որոշում ու համադրե՛ք մեր իրականության հետ: Հաստատ հռհռալու չէ:

Վախթանգ Մարգարյան

P.S.։ Ի դեպ, ժամանակին եղել է նաև պաշտոնյաներին հայհոյելու համար սահմանված հարկ...

Այս խորագրի վերջին նյութերը