Մեկնաբանություն

05.01.2015 13:30


«Գլխի՞ց բռնել», թե՞ իմիտացիայով զբաղվել

«Գլխի՞ց բռնել», թե՞ իմիտացիայով զբաղվել

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Խ. Խաչատրյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով գործարարի օգտին աշխատելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

Այս լուրը դարձել էր իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների գլխավոր քննարկվող լուրը, որի նպատակն էր ստեղծել կեղծ պատրանք, որ կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում:

Իրականում Հայաստանի ցանկացած քաղաքացի տեղյակ է, որ Խաչատուր Խաչատրյանը միակ դատավորը չէ, որ կաշառք է վերցնում: Կաշառք տալը կամ վերցնելը համատարած երևույթ է Հայաստանում, և կաշառակերության դեմ նման պայքարը խոսում է այն մասին, որ իրականում չկա կոռուպցիայի դեմ պայքար: Մի հասարակությունում, որտեղ դատավորների մեծ մասը զբաղվում է կաշառակերությամբ, նրանցից մեկին պատժելը միայն նշանակում է, որ պետական մարմինները չարաշահում են իրենց լիազորությունները: Նրանք պատժում են միայն մեկ դատավորի կամ հարկայինի աշխատողի, կեղծ պատժի մթնոլորտ ստեղծում, որի արդյունքում կոռուպցիայի մակարդակը չի իջնում: Ավելին՝ այն շարունակում է զարգանալ:

Ըստ դե ֆակտո հաստատված խաղի կանոնների՝ բոլորը կարող են զբաղվել կոռուպցիայով, և նրանցից մեկը կամ երկուսը պատահականության սկզբունքով կարող են պատժվել, որն իրականում համ «անարդար» է, համ էլ չի նվազեցնում կոռուպցիան: Իրական կոռուպցիայի դեմ պայքարի դեպքում բոլոր զբաղվողները պետք է պատժվեն: Սակայն ներկայիս իշխանությունը թույլ է տալիս բոլորին զբաղվել և միայն պատահականության սկզբունքով է պատժում մեկ կամ երկու հոգու, այն էլ՝ թերևս խաղի ներքին կանոնները խախտողներին:

Ի դեպ, Հայաստանում զարգացած են կոռուպցիայի բազմաթիվ տեսակներ: Երևի ամենատարածվածներից մեկը «կլիենտալիզմն» է: Կլիենտալիզմը քաղաքական աջակցության նպատակով ապրանքների եւ ծառայությունների փոխանակումն է, որն ի հայտ է գալիս, երբ իշխող քաղաքական ուժն օգտագործում է հանրային միջոցները, հատկապես պետական պաշտոնները որպես միջոց՝ հատուցելու քաղաքական աջակցության կամ իր շահերից բխող խնդիրներ լուծելու համար:

Կլիենտալիզմի վառ օրինակներից է Պարույր Հայրիկյանին տրամադրված պետական աջակցությունը: ՀՀ կառավարությունը 2013թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 28-ի նիստի որոշմամբ՝ Պարույր Հայրիկյանին 20.500.000 դրամ է հատկացրել, որպեսզի վերջինս իր առողջությունը վերականգնի եվրոպական որեւէ առաջատար կլինիկայում: Կառավարությունը ՀՀ մյուս քաղաքացիներին նման փոխհատուցում չի տալիս, եւ սա ցույց է տալիս իշխանության կլիենտալիստիկ վարքագիծը: Բազում այլ նմանատիպ օրինակներ կարելի է ներկայացնել, երբ այս կամ այն գործիչը վարձատրվում է պետության հաշվին՝ պաշտոնի տեսքով։

Կոռուպցիան համակարգային խնդիր է, որը նաև համապատասխանում է ներկայիս իշխանությունը կրողների շահերին: Այդ իսկ պատճառով նրանք ձևական պայքար են տանում՝ միևնույն ժամանակ դե ֆակտո խրախուսելով կոռուպցիան: Կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար անհրաժեշտ են համակարգային դրական շոկ և այնպիսի նոր իշխանություն, որի շահերից կբխի իրական կոռուպցիայի դեմ պայքարը: Հակառակ դեպքում ներկայիս իշխանությունը շարունակելու է իր՝ կոռուպցիայի դեմ երկար տարիների կեղծ պայքարը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը