Մեկնաբանություն

04.01.2015 20:50


«Պետպատվերով» պուտինամոլություն և պուտինատյացություն

«Պետպատվերով» պուտինամոլություն և պուտինատյացություն

Պաշտոնական Երևանը որդեգրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անսահմանորեն և անհարմարորեն քծնելու քաղաքականությունը։ Սերժ Սարգսյանի անբաժան ուղեկից Զորի Գայկովիչի հայտնի նամակը դրա վառ ապացույցներից մեկն է։

Պուտինամոլությունը (եթե չասենք՝ պուտինամտությունը) արտաքին նախաձեռնողական քաղաքականության անկյունաքարն է դարձել:

Ոչ պաշտոնական մակարդակով, սակայն, Բ26–ը պուտինատյաց քաղաքականություն է վարում։ Պատճառը, բնականաբար, այն չէ, որ «Վերջի բոլշևիկը» հոգու խորքում թունդ արևմտամետ է, և սիրտը եվրաասոցացում էր ուզում, ու միայն ճնշման տակ մտավ ԵՏՄ։ Ճիշտ հակառակը՝ Սարգսյանի աշխարհայացքը և մտածողությունն ամբողջությամբ տեղավորվում են ԵՏՄ–ի միջինասիական հատվածում հաստատված բարքերի շրջանակներում։ Նրա երազածն էլ ցմահ իշխանությունն է, ինչպիսին որ է Ալիևի ընկեր Նազարբաևինը։

Այստեղ այլ խնդիր կա։ Պուտինի դեմ քարոզչություն վարելով՝ Սարգսյանն ու իր թիմակիցները ցանկանում են Հայաստանում առկա հիմնական խնդիրների թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանի փոխարեն ՀՀ քաղաքացիներին մատուցել վիրտուալ պատասխանատուի՝ Պուտինին։

Դրամի փոխարժեքը կտրուկ տատանվում է, Հայաստանում միլիոնավոր դոլարներ են թալանվում ամենաբարձր հովանու ներքո, աղքատությունն աճում է, երկրից մարդիկ ու կապիտալը փախչում են, ներդրումները նվազում են, գաղջ մթնոլորտ է ձևավորվում. նախագահական նստավայրն իր քարոզչագործիքների միջոցով տարածում է, որ այս ամենի մեղավորը Պուտինն է, Սերժն ի՞նչ կապ ունի։ Անգամ եթե ծիտը ծրտում է որևէ մեկի գլխին, «անկախ» մամուլն անմիջապես դրա մեջ ռուսական հետք է տեսնում ու մեղադրում Պուտինին։ Մի խոսքով, մարազմը սահմաններ չի ճանաչում։

Նկատենք, որ պուտինատյաց քաղաքականությունն, իր մարազմատիկությամբ հանդերձ, շատ պրակտիկ նշանակություն ունի ՀՀԿ ղեկավարի համար։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի օգնությամբ Պուտինին թիրախ սարքելով և հակառուսական քաղաքականություն վարելով՝ նա փորձում է գոնե լրատվական դաշտում կեղծ օրակարգ ու կեղծ թիրախ ձևավորել։

ՀՀ քաղաքացուն ուզում են համոզել, որ պետք չէ պայքարել օրվա անարդյունավետ իշխանությունների դեմ, քանզի ամեն ինչ Կրեմլում է որոշվում, դե, իսկ ընդդիմություն էլ Մայդան չի ուզում սարքել մեզ մոտ, հետևաբար բան փոխելու կարիք չկա, կամ էլ արժե ոչ թե Սերժի, այլ Պուտինի դեմ պայքարել՝ մանրադրամ դառնալով Արևմուտքի ձեռքում։

Դե, իսկ «դհոլները» և սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներն» այսպիսի հայեցակարգի շրջանակներում հնարավորություն են ստանում Պուտինին քննադատելով համ հայրենասեր ու ինքնիշխանության համար կյանք տվող ներկայանալ, համ էլ Սերժ Սարգսյանից քննադատության սլաքներն ուղղել վիրտուալ կողմ։ Այսինքն, հաճելին համատեղում են օգտակարի հետ։ Հաճելին հայրենասեր երևալն է, իսկ օգտակարը՝ փող աշխատելը։

Ուշագրավն այն է, որ ադրբեջանական դիվերսիաների ու սադրանքների համար էլ է «անկախ» մամուլը մեղադրում Պուտինին ու ՀՀ քաղաքացիներին կոչ անում թշնամի ճանաչել ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին։

Օրերս էլ ադրբեջանական դիվերսանտները մեր երկու զինվորի կյանք խլեցին ու մի հոգու վիրավորեցին, բայց Սերժ Սարգսյանին սատարող մամուլն իր քննադատության թիրախ դարձրեց ոչ թե ՀՀ իշխանություններին, որի «նախաձեռնողականության» արդյունքում է Ալիևը լկտիացել, այլ հայ զինվորի սպանության համար մեղադրեց ... ՌԴ–ին։ Սա արդեն թուրք–ադրբեջանական զույգին ձեռնտու քարոզչություն է, և նրանք միլիոններ կծախսեին նման քարոզչակոդ Հայաստանում ներդնելու համար, սակայն դատելով ամենից՝ ընդամենը «կոպեկներով» կարողանում են Հայաստանում 5–րդ շարասյուն պահել։

Հարցն այն չէ, որ Ռուսաստանն արժանի չէ քննադատության, կամ Պուտինը սուրբ կով է, որին կպնել չի կարելի։ Տվյալ դեպքում հարցն այն է, որ մերոնց կյանքը խլած ադրբեջանցի դիվերսանտների և պաշտոնական Բաքվի փոխարեն մեղադրել Պուտինին ու ՌԴ–ին նշանակում է վարել պրոադրբեջանական քաղաքականություն։ Բաքվում երկու ձեռքով կողմ կլինեն, որ Հայաստանում տարածվի այն տեսակետը, թե ՌԴ–ի «դաբրոյով» է Ադրբեջանն ագրեսիվացել։ «Անկախ» մամուլը հենց դրանով էլ, ի դեպ, զբաղված է։

Թե ինչով է ավարտվելու Ս. Սարգսյանի հերթական հակառուսական «կամպանիան», կարելի է միայն կռահել։ Հիշեցնենք, որ «արևմտամետ» Սարգսյանի հակառուսական քարոզն առաջին անգամ ավարտվեց ՌԴ ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում 49 տարով երկարաձգելու պայմանագրով, իսկ երկրորդ հակառուսական արշավն ավարտվեց Մաքսային միություն մտնելու գիշերային որոշմամբ։

Ամփոփենք։

Բ26–ին սպասարկող «Գեբելսյան» քարոզչամեքենան Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների պատասխանատու է համարում Ռուսաստանին ու անձամբ Պուտինին։ Այդ քարոզչամեքենայի մատուցմամբ՝ Սերժ Սարգսյանը խեղճ զոհ է, հետևաբար ներքին խնդիրները լուծելու համար պետք է պայքարել ոչ թե նրա, այլ Պուտինի դեմ, ինչպես նաև Սերժի ընդդիմախոսների դեմ։ Նույն պատկերն է նաև թշնամու մասով. «Գեբելսյան» քարոզչամեքենան ադրբեջանական ագրեսիայի համար Ալիևի հասցեին թթու խոսք չի ասում, այլ քննադատում է Կրեմլին։ Ահա այսպիսին է Հայաստանի դեմ գործող «դհոլության» կոդը, որը խրախուսվում է «պետպատվերով»՝ հարկատուներիս հաշվին։ Եվ եթե այս ամենի վերջը չտրվի, ապա Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ուժերով ու 5–րդ շարասյան աջակցությամբ ներսից կգրավեն մեր երկիրը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը