Մեկնաբանություն

04.01.2015 14:10


Վտանգավոր աուտոթրենինգ

Վտանգավոր աուտոթրենինգ

Մեզանում գնալով նորաձև են դառնում ընկճվածության, վատ տրամադրության հաղթահարման կամ պարզապես իրականությունից փախչելուն ուղղված հայտնի ու նոր բացահայտված հոգեբանական հնարքները:

Հիպնոս, մեդիտացիա, աուտոթրենինգ… Վերջինը սթրեսի հետևանքով խանգարված հոգեկան հավասարակշռության վերականգնմանն ուղղված հատուկ վարժությունների մեթոդիկա է։ Ասենք, ճարպակալած, սվսվացող շնչառությամբ, բոլոր առումներով անդուր տղամարդը կանգնում է հայելու առաջ ու կիսափակ աչքերով անընդհատ կրկնում. «Ես դուր եմ գալիս կանանց»:-Մի խոսքով, ինքնահամոզում:

Հունվարի 12-ից Հայաստանում նոր թափով կսկսվի քաղաքական աուտոթրենինգը:

Նախարարություններն իրար հետևից ամփոփելու են նախորդ տարվա ցուցանիշները, Հանրապետականը խոսելու է «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսի ամրագրած հաջողություններից, առավել քան երբևէ միասնական լինելու անհրաժեշտությունից, օրենքի գերակայությունից, սոցիալական արդարությունից և այլն։

Հնարավոր է, որ աուտոթրենինգն օգնում է այս կամ այն խնդիրն ունեցող մարդկանց: Բայց բացառվում է, որ դրա միջոցով բոլոր առումներով անդուր տղամարդը կարող է հանկարծ ու դուր գալ կանանց: Տվյալ դեպքում միակ օգնությունն իրականության հետ համակերպվելն է: Նույնը Հայաստանի գործող իշխանության պարագայում է:

Ցանկացած դեմագոգիկ, իրականության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող հայտարարություն ու պնդում միայն վնասելու է քաղաքական մեծամասնությանն ու նրա ղեկավարին: Համակերպվե՛ք իրականության հետ. դուք ձախողված իշխանություն եք: Ինքնահամոզմամբ միայն ավելի եք բարդացնելու ձեր՝ առանց այն էլ «շողուլից ընկած» հոգեկան հավասարակշռությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ եթե աուտոթրենինգից, այնուհանդերձ, չեք ցանկանում հրաժարվել, ապա թող այն իրականության հետ գոնե մի փոքր կապ ունենա: Ասենք, փորձեք հասկանալ կամ, վերջիվերջո, հայելու առջև ինքներդ ձեզ հասկացնել, որ իշխանությունը Մելիք-Ադամյանով չի անցնելու:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը