Մեկնաբանություն

31.12.2014 13:10


2014-ն աչքի ընկավ հայոց քաղաքական միտքը սնող եւ զարգացնող արտահայտություններով

2014-ն  աչքի ընկավ հայոց քաղաքական միտքը սնող եւ զարգացնող արտահայտություններով

Քանի դեռ 2014-ը չի ավարտվել, չմոռանանք հիշատակել կարեւորի մասին:

Ախր, ինչպե՞ս կարելի է մոռանալ անցնող տարվա ընթացքում իշխանական ճամբարում (նաեւ՝ մերձիշխանական հատվածներում) արձանագրված քաղաքական մտքի շքեղ հրավառությունները կամ «կրեատիվ» արարքները:

Տարբեր առիթներով (հարսանիք, կնունք-ծնունդ, պետական միջոցառում) «սայլուտ խփած» իշխանությունը փայլատակեց նաեւ քաղաքական մտքի հրավառություններով:

Ողջ տարվա ընթացքում ՀՀԿ խոսնակը բազմիցս կրկնեց ու պնդեց նույն ինքնագնահատականը, թե իրենց կուսակցությունը «Հայաստանի ամենածանրակշիռ, ամենաառաջադեմ եւ ազդեցիկ ուժն է»: Ավաղ, 2014-ին էլ այս պնդումը փաստացի հաստատելու-ապացուցելու համար որեւէ կարգի սոցհարցում չանցկացրին:

Բայց դե, ՀՀԿ առաջնորդն ինքը շատ լավ գիտի, թե որքանով է իր գլխավորած ուժը ամենածանրակշիռը, ամենաառաջադեմը եւ ազդեցիկը: Սերժ Սարգսյանը հենց տարեսկզբին, ԵԿՄ համագումարում հայտարարեց, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է իշխանությանը: Ինչեւէ:

Անցնող տարին նախորդից առանձնացավ նրանով, որ ամենածանրակշիռ, ամենաառաջադեմ ու ազդեցիկ ուժի առաջնորդը կարողացավ իր քաղաքագիտական բառապաշարը հարստացնել նոր բառերով ու բառակապակցություններով:

«Թարս բուսնած խիյար», «տոկոս խփել», «էկել ես ըստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես» եւ նմանատիպ այլ բառակապակցություններին ավելացան նորերը:

Սերժ Սարգսյանը հաճույքով ընդունեց գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրեն «շնորհած» մականունը՝ «Վերջի բոլշեւիկ»: Իսկ տարեվերջին նրա մեկ այլ կուսակիցը՝ Վահրամ Բաղդասարյանն առաջնորդին ներկայացրեց ավելի «փաղաքշական» անունով՝ «Ալի»:

Իսկ Սերժ Սարգսյանն իր նոր որակումներով դուրս եկավ արդեն միջազգային արենա: Հայաստանյան քաղաքական մտքի տարածքն այլեւս չի բավարարում եւ նա միջազգային հարթակից շրջանառության մեջ դրեց «Գրողի ծոցը» արտահայտությունը՝ հիացնելով ՄԱԿ-ի լսարանին:

Ամենածանրակշիռ, ամենաառաջադեմ ու ազդեցիկ ուժը ներկայացնող գեներալ Մանվելը տարվա ընթացքում շարունակեց քաղաքական միտքը սնող ու զարգացնող հայտարարություններով հանդես գալ: Առնվազն երկու անգամ նա հրապարակավ հայտարարեց՝ «Ա՛յ տղա, լքողի հետեին ձեռ կտամ: Սաղ իմ դեմից են փախել, դուք էկել եք ու ինձ տենց հարց եք տալի՞»:

Իսկ ավելի վաղ, հայտնի է, խորհրդարանում հնչել էր «չաթլախ» բառը:

Վերջերս էլ, ի դեպ, գեներալ-պատգամավորը հպարտությամբ հայտարարեց, թե իրենք «վիզ են դրել», ինչի արդյունքում Էջմիածնում հացը չի թանկացել:

Հետաքրքիր է, այս անգամ ո՞ւմ «հետևին» է ձեռ տվել,, որ հացը չի թանկացել: Իսկ ընդհանրապես, չենք կարող չնկատել, որ խմբապետական «զամաշկաներով» ապրանքների գների թանկացման կամ գնաճը զսպելու հրաշալի ավանդույթ է ձեւավորվում երկրում:

Քիչ մնաց նաեւ գեներալ Սեյրան Սարոյանը դառնար «Քաղաքական մտքի տիտան» կոչմանը արժանանալու ամենառեալ հավակնորդը: Վերջինիս երկու փառահեղ ելույթները խորհրդարանում (որոնք արժանացան բուռն ծափողջյունների) հիմնահատակ ցնցեցին հայ քաղաքական միտքը:

«Էկե՛ք, էս մի անգամն էլ ժողովրդի սրտո՛վ անենք»,– «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Սեյրան Սարոյանը՝ ակամա բացահայտելով, որ Հայաստանի ամենածանրակշիռ, ամենաառաջադեմ ու ազդեցիկ ուժը, որի ներկայացուցիչն է ինքը՝ միշտ գործել է ամենահետադիմական մեթոդներով: Ընդդեմ ժողովրդի:

Սեյրան Սարոյանի հաջորդ ելույթը նույնպես շա՜տ առաջադիմական էր: Անդրադառնալով ազատամարտիկների եւ քաղաքական գործիչների վրա հարձակումների դեպքերին, ՀՀԿ-ական պատգամավորն, ըստ էության, առաջարկեց «չափալաղին» օրենսդրական տեսք տալ եւ այդ «դաստիարակչական» գործողությանը դիմել միայն օրենսդիր մարմնի տարածքում:

Չմոռանանք հիշեցնել, որ Սարոյանն անցնող տարում նաեւ դրական գնահատեց ՀՀ-ի՝ «Եվրատեսիլ» (նկատի ունի ԵՏՄ-ն– Կ.Ե.) մտնելու փաստը:

Քաղաքական միտքը հարստացնելուն միտված իշխանականների ջանքերին զուգահեռ («դավայ ստուց», «հայ ժողովուրդը միշտ էլ ուզեցել ա ապրի ռսի լծի տակ» և այլն) մի շատ կարեւոր միտում էլ արձանագրվեց ՀՀԿ խորհրդարանական կանանց շրջանում: ՀՀԿ-ական պատգամավոր տիկինները մեծ զոհողությունների գնով իրենց մեջ խեղդեցին ԱԺ նախագահի հետ դրսերում պետության հաշվին շրջագայելու անհագուրդ տենչը: Պաշտոնական տուրիզմի համար սկսված ներքին մարտերում կարծես, հրադադար է հայտարարվել:

Դե, իսկ Աշոտյանի սառցեջրով Ֆլեշ-մոբը, որը նա իրականացրեց չալպուտուրիկ շորտիկով՝ համարվեց Սերժ Սարգսյանի երազած քաղաքական մշակույթը մեզանում ամրապնդելուն միտված ամենանշանակալի քայլերից մեկը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը