Մեկնաբանություն

29.12.2014 23:00


Չայ ու կոֆե խմե՛ք ու երազե՛ք Պուտինի ռեժիմի տապալման մասին

Չայ ու կոֆե խմե՛ք ու երազե՛ք Պուտինի ռեժիմի տապալման մասին

Նախատոնական օրերին համացանցում մի քանի «հուժկու» նախաձեռնությունների հանդիպեցի եւ նաեւ «արմատական» հայտարարությունների ծանոթացա:

Ֆեյսբուքյան ակտիվիստների մի խումբ, որը «վճռական գործողությունների» կողմնակից է, բոլորին կոչ արեց չդիտել-չլսել Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորհական ուղերձը:

«Ֆեյսբուքում» սույն թեմայով խումբ ստեղծեցին եւ սկսեցին օրերով քննարկել այդ հարցը:

Համաձայնե՛ք, որ առաջարկը շատ «հեղափոխական» է, ավելին՝ դրանով նրանք ահավոր վտանգավոր քայլի են դիմել:

Մտածեցի՝ ուր որ է կհայտնվի փոխոստիկանապետ Երանոսյանը եւ մեկ առ մեկ կկտրի նախաձեռնության ակտիվիստների ականջները, կամ էլ կջարդի նրանցից մի քանիսի գլուխը, ովքեր ՖԲ-ի խմբում գրառումներ են կատարում՝ երդվելով, որ Ամանորի գիշերը չեն լսելու Սերժ Սարգսյանի ուղերձը:

Այն էլ՝ Երանոսյանը չհայտնվեց, իսկ ակտիվիստները մինչ օրս շարունակում են ակտիվորեն քննարկել նշված հարցը:

Ա՛յ, իսկական «ընդդիմությունն» այսպիսին պետք է լինի: Պետք է եռագույն դրոշներով զարդարի ՖԲ-ի իր պատը, նստի համակարգչի առաջ եւ կոչ անի չլսել Սարգսյանի ելույթը:

Իր այդ քայլով նա թեկուզ մեկ օրով արագացնում է իշխանափոխության պահը:

Երեւի նախագահականում տեղյակ են սույն «նախաձեռնողական» քայլի մասին ու արդեն շեֆին հորդորել են, որ հեռուստաէկրանին չերևա, քանզի, միեւնույն է, իրեն լսող չկա:

Դե որ լսող չկա, Սերժ Սարգսյանն էլ կվհատվի ու հունվարի 1-ին հրաժարական կտա:

Ասե՛ք, որ ավելի հզոր ու վճռական պայքար վարչախմբի դեմ հնարավոր չէր պատկերացնել, քան վիրտուալ տարածքում Սարգսյանի ուղերձը բոյկոտելու կոչն է:

Չգիտենք, թե այս նախաձեռնությունն ինչ արդյունք կարձանագրի, բայց հուսով ենք, որ ՖԲ-ի նույն «հեղափոխական» ակտիվիստները գալիք տարում, ավելի ստույգ՝ գարնանը, բոլորիս կոչ կանեն բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը եւ հանրաքվեն:

«Ֆեյսբուքում» եղան նաեւ օգտատերեր, ովքեր նախատոնական օրերին բոլորին կոչ արեցին Ամանորի սեղանի հարցով չզբաղվել ու զուր տեղը չմտահոգվել, որ չեն կարողանում հավուր պատշաճի տոնել Նոր տարին: Հայտարարեցին, թե եկեք միայն թեյ ու սուրճ խմենք, եւ այդ կերպ դիմավորենք Ամանորը:

Սրանց ասածն այն է, թե, իբր, հայերը պետք է ձերբազատվեն ցուցամոլությունից ու սեղանները ծանրաբեռնելու մտայնությունից (դա կա, իհարկե, բայց հասարակ ժողովուրդը հեռու է իրեն նման ճոխություններ թույլ տալու մտքից):

Հիանալի մտահղացում է: Բա ի՞նչ, չայն ու կոֆեն էլ են շատ էս ժողովրդին. ի՞նչ կարիք կա. տարին մեկ անգամ գոնե մարդավարի սեղան կգցի:

Չայ ու կոֆեով թող յոլա գնա:

Այս կոչ-հորդորի հեղինակները հո չէի՞ն դիմելու իշխանությանը՝ վերջինից պահանջելով զսպել գնաճը, ստեղծել աշխատատեղեր կամ թալանը դադարեցնել, ինչի արդյունքում ժողովուրդը կկարողանա մի քիչ մարդավայել նշել տոները:

Դրա փոխարեն ընտրել են իշխանություններին խնայելու եւ ժողովրդին՝ քչով բավարարվելու, գոտիները ձգելու եւ չայ ու կոֆեով Ամանոր նշելու մասին կոչեր հղելու տարբերակը:

Նախագահականից սկսած մինչեւ գերատեսչություններ ու ամենաստորին օղակներ այս օրերին տասնյակ միլիոններ են վատնում գերատեսչական քեֆերի վրա, իսկ ժողովուրդն էլ պետք է բավարարվի չայ ու կոֆեով:

Մի մարազմատիկ հայտարարություն էլ լսեցի իրենց «քաղաքագետ ու փորձագետ» հռչակած անձանցից: Խոսքը Հայաստանում ապրող, ազգությամբ հայ «արեւմտամետների» մասին է:

Լրատվամիջոցները սրանց հարցնում են՝ ի՞նչ մաղթանք կհղեք, պատասխանում են. «2015-ին կցանկանայինք, որ Պուտինի ռեժիմը վերանար»:

Իրենց հայրենիքը՝ հեչ. այստեղ կարող է ամեն ինչ նույնությամբ մնալ: Կարևորը Պուտինի դեմ կռիվ տալն է՝ անշառ ու եկամտաբեր գործ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը