Հարցազրույց

29.12.2014 11:14


Հենրիխ Մխիթարյան. «Այս տարին այդքան էլ բարեհաջող չէր մեր ազգային ընտրանու համար»

Հենրիխ Մխիթարյան. «Այս տարին այդքան էլ բարեհաջող չէր մեր ազգային ընտրանու համար»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Armsport.am-ը ներկայացնում է լրագրողների հետ Մխիթարյանի հարցազրույցը:

-Ի՞նչ տպավորություններ ունեք լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալուց հետո։

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ցանկանում եմ ասել, որ այս մրցանակին արժանացել եմ իմ խաղընկերների շնորհիվ. նրանք են ինձ օգնել դառնալ այս տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Չեմ ցանկանում որեւէ մեկին առանձնացնել, բայց բոլորից շնորհակալ եմ, բոլորն էլ արժանի են, եւ կցանկանամ, որ հետագայում նրանցից որեւէ մեկը նույնպես կարողանա դառնալ լավագույն ֆուտբոլիստ, որովհետեւ շատ կարեւոր է, որ ոչ թե մեկ ֆուտբոլիստ լինի, այլ բոլորն արժանի լինեն։ Կարող եմ ասել, որ ինձ համար տարբերություն չկա՝ ես կլինեմ, թե իմ խաղընկերը։ Միայն ուրախ կլինեմ, որ ինձնից ուժեղ ֆուտբոլիստներ լինեն։

-Հենրիխ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ֆուտբոլային տարին վատ գնահատեց։ Դու ինքդ ինչպե՞ս կգնահատես։

-Պարզ է, որ ես էլ բավարար չեմ գնահատի։ Եղան ավելի շատ ձախողումներ, քան թե դրական բաներ։ Հաջորդ տարի պետք է ավելի լավ մարզվենք, խաղանք, ավելի լավ արդյունքներ գրանցենք, որովհետեւ բոլորս էլ տեսել ենք, որ ազգային հավաքականն ունակ է լավ խաղալու։ Այս տարին այդքան էլ բարեհաջող չէր մեր ազգային ընտրանու համար։

-Առջեւում Եվրո-2016-ն է, իսկ առաջիկայում՝ Ալբանիայի հետ խաղը։ Առհասարակ, հայ ժողովուրդը երազանքի պես մի բան է համարում եզրափակիչ փուլին մասնակցելը։ Անձամբ ֆուտբոլիստներն ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները։

-Բոլորս էլ տեսնում ենք՝ Եվրո-2016-ի որակավորման փուլն ինչպիսին է։ Պետք է տրամադրվենք առաջիկա խաղին՝ Ալբանիայի հետ մրցավեճին, հետո կմտածենք՝ կարո՞ղ ենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, թե ոչ։ Բոլորս էլ նայում ենք, որ լավ հավաքական ունենք, բայց դա բավարար չէ. պետք է կարողանանք խաղադաշտում ապացուցել, որովհետեւ եթե պարզապես անուններով խոսենք, կարող եմ օրինակ բերել Դորտմունդի «Բորուսիային», որը Եվրոպայում լավագույններից մեկն է, բայց Գերմանիայի առաջնությունում այժմ գտնվում ենք նախավերջին տեղում։ Բոլորս պետք է մտածենք տվյալ խաղի մասին, կարողանանք հաղթել տվյալ խաղը, վաստակել մեր միավորները, հետո նոր մտածել եզրափակիչ փուլի մասին։

-Ես վստահ եմ, որ «Բորուսիան» Հայաստանում լիներ՝ բոլորը կքարկոծեին։ Գերմանիայում ինչպե՞ս է իրավիճակը։

-Ճիշտ է՝ «Բորուսիայի» վիճակը լավ չէ, նախավերջին տեղում ենք, բայց ժողովուրդը հավատում է, սպասում է, երկրպագուները հարգանքով են վերաբերվում, երբեք բացասական խոսք չես լսի քո հասցեին, մենք էլ փորձում ենք յուրաքանչյուր հանդիպմանը մեր լավագույն խաղը ցուցադրել, որ նրանց ուրախացնենք, որովհետեւ նրանք գալիս են մարզադաշտ թիմին աջակցելու, գեղեցիկ ու արդյունավետ խաղ տեսնելու համար։ Մինչդեռ այս տարի մրցաշրջանում առաջին հատվածը լավ չստացվեց, բայց հուսով եմ՝ երկրորդ հատվածում ամեն ինչ լավ կլինի։

-Բժիշկներն ի՞նչ են ասում։ Ամեն ինչ նորմալ է ընթանում այս փուլում։

-Բժիշկն ասում է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Այժմ Հայաստանում է գտնվում «Բորուսիայի» ֆիզոթերապևտը, որն ինձ հետեւում է, ես նրա հսկողության տակ եմ, փորձում ենք հնարավորինս շուտ շարք վերադառնալ, անել այն բոլոր վարժությունները, որոնք անհրաժեշտ են։ Տեսնենք, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ։

Մանրամասները՝ Armsport.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը