Մեկնաբանություն

28.12.2014 17:35


Սերժ Սարգսյանը չի՞ բարկանում

Սերժ Սարգսյանը չի՞ բարկանում

Երբ տարադրամի շուկայում իշխանությունների հանցավոր անգործության կամ անմիջական մասնակցության արդյունքում կտրուկ տատանումներ արձանագրվեցին, և դրամը, դոլարի ու եվրոյի համեմատ, արժեզրկվեց, իսկ հետո կտրուկ արժեվորվեց, «Գեբելսյան» քարոզչամեքենան տարածեց, թե, իբր, խնդիրներ էին առաջացել այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը տեղում չի եղել։

Ըստ «անկախ» մամուլի՝ դրամը վերադարձավ 430-440 մեկ դոլարի դիմաց փոխարժեքին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը վերադարձավ Ստեփանակերտից, հավաքեց բոլորին, ձեռքը խփեց սեղանին ու պահանջեց վերակենդանացնել դրամը։ Այսինքն, դրամի փոխարժեքը որոշեց ՀՀԿ ղեկավարը։

Թե քանի հոգի հավատաց այդ էժանագին հեքիաթին, վիճակագիրներին հետաքրքրող խնդիր է։ Իրականությունն այն է, որ դրամի հետ տեղի ունեցած բացասական երևույթներն առանց իշխանության վերին օղակի (տվյալ դեպքում՝ նախագահականի ու ԿԲ–ի) կառավարման, կամ, առնվազն, գիտության ու թողտվության՝ հնարավոր չէին։

Եթե դա այդպես չէ, եթե չար ուժերն են դավադրություն կազմակերպել ու արժեզրկել դրամը, և եթե ընդունենք, որ դրամը հիվանդացել է Սերժ Սարգսյանի բացակայության, իսկ հետո առողջացել նրա վերադարձի ու բարկության շնորհիվ (ինչպես պնդում են «անկախ» մամուլն ու որոշ դաշնակցականներ), ապա ստացվում է, որ հիմա ՀՀԿ ղեկավարը չի բարկանում, և անձամբ է կառավարում դրամի արժեզրկումը, քանզի Սերժ Սարգսյանը Հայաստանում է, իսկ դրամի փոխարժեքը դոլարի մասով սողեսող մոտեցել է 500 դրամի սահմանագծին։ Թե ինչու է այսպես ստացվում, և ինչ կարող է լինել, այլ խոսակցության թեմա է։

Այս պահին արձանագրենք, որ փոխանակման կետերում դոլարի և եվրոյի առքուվաճառքի տարբերությունը կրկին երկնիշ թիվ է դարձել, ինչը հերթական ցնցման նախանշանը կարող է լինել։

Իսկ թե ինչ կարող է սպասվել ազգային դրամին, ու ինչ ավերածություններ կարող են լինել այս անկանոն տատանումների հետևանքով, կարելի է հասկանալ անգամ չլինելով տնտեսագետ։

Ազգային դրամի հանդեպ այսպիսի անվստահության սերմանում միայն թշնամին կկամենար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը