Լրահոս

30.09.2009 14:13


Ախուրյանի «ԼուսԱստղ շուգր» շաքարի գործարանը դեռևս չի գործարկվել

Ախուրյանի «ԼուսԱստղ շուգր» շաքարի գործարանը դեռևս չի գործարկվել

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2009թ. աշնան սկզբին նախատեսվում էր շահագործման հանձնել շաքարի գործարանը: Գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և կոչվում է «ԼուսԱստղ շուգր»:

Նախնական պլանով գործարանի շինարարական աշխատանքներն արդեն պետք է ավարտված լինեին, և հոկտեմբերի սկզբներին «ԼուսԱստղ շուգր»-ը պետք է տար իր առաջին արտադրանքը: Սակայն այսօր գործարանի տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում են:

«ԼուսԱստղ շուգր»-ի տնօրեն Էդուարդ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքները ո՞ր փուլում են. «Այժմ տեղադրում ենք ավտոմատ սարքավորումները, կառավարման համակարգն ենք հավաքում ու թողարկման և կարգավորման աշխատանքների ընթացքի մեջ ենք: Այսինքն, աշխատանքների վերջնական փուլում ենք»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ  գործարանի շահագործումը հետ է ընկել նախատեսված ժամկետներից, Է. Սարգսյանը պատճառաբանել է այս տարվա եղանակային ոչ բարենպաստ պայմաններով. «Դե՛, այս տարի տեսաք՝ Լենինականում ամառ չեղավ, ձմռանը մենք ավելի լավ աշխատեցինք, քանի որ ձյան տակ հնարավոր էր զոդման աշխատանքներ կատարել, իսկ ամռանն անընդհատ անձրև, անձրև։ Զոդողները վախենում են էլեկտրազոդման աշխատանքներն անձրևի տակ կատարելուց, և եղանակի պատճառով ստիպված աշխատանքի ընդհատումներ եղան»:

«ԼուսԱստղ շուգր»-ի տնօրենի հավաստմամբ՝ շինաշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին, և այդ ընթացքում էլ կփորձեն առաջին արտադրանքը տալ՝ սկզբում հարավամերիկյան հումքով, իսկ արդեն հաջորդ տարի՝ նաև տեղական:

Իսկ հարցին, թե ի՞նչ ծավալներով է աշխատելու Ախուրյանի շաքարի գործարանը, և արդյո՞ք այն հնարավորություն կունենա բավարարելու Հայաստանի շաքարավազի պահանջարկը, Է. Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանը տարեկան սպառում է մոտ 90-100 տ շաքարավազ, մեր գործարանը հնարավորություն ունի արտադրել մինչև 220-230 հազար տ: Այսինքն, եթե մեր գործարանն իր օպտիմալ հզորությամբ աշխատեց, կունենանք շաքարի ավելցուկ, և այսօր արդեն զբաղվում ենք արտահանման խնդիրների լուծմամբ: Տեսնո՞ւմ եք՝ նախագահը մեծ աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ճանապարհները բացվեցին, հնարավոր է Թուրքիա արտահանել. ահռելի մեծ շուկա է»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը