Մեկնաբանություն

27.12.2014 14:26


Սարգսյանը և գաղջ մթնոլորտը

Սարգսյանը և գաղջ մթնոլորտը

Սերժ Սարգսյանն ընդունելության էր հրավիրել մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների: Ավանդական ընդունելություն: Սերժ Սարգսյանին բնորոշ ինքնաասուլիսներից հերթականը: Գաղջ իրականություն Հայաստանում, կենացներ՝ Բաղրամյան 26-ում:

Հայաստանի գործող նախագահի օրոք արձանագրված ու արձանագրվող վիճակագրական տխուր և խիստ մտահոգող ցուցանիշներին զուգահեռ՝ ամրագրվեց ոչ պակաս անտանելի իրողություն:

Լրատվական դաշտը, բացի մատների վրա հաշված լրատվամիջոցներից, սեփականաշնորհված է: Եթե սեփականաշնորված չէ, հաճախորդացված է: Բայց Սերժ Սարգսյանը շարունակում է բողոքել հատուկենտներից՝ հայտարարելով, թե տոտալ գրաքննություն մտցնելը բացի բռնապետություն ամրացնելուց՝ ոչ մի այլ իմաստ չունի:

Իրականությունն այն է, որ Բ26–ը ոչ թե չուզեց, այլ չկարողացավ տոտալ գրաքննություն հաստատել։ Ու քանի որ չկարողացավ, դա ներկայացնում է որպես ձեռքբերում։

Իսկ նրանում, որ տոտալ գրաքննություն պետք չէ, և հնարավոր չէ, վիճելու բան չկա։ Միևնույն է, եթե ամբողջ դաշտն էլ վերահսկվի, հնարավոր չէ ծածկել Սարգսյանի կիքսերն ու իրական ծրագրերը:

Ինչ մնում է գաղջին, ապա դա ոչ թե հատուկենտ լրատվամիջոցներն են տարածում, այլ սեփականաշնորհվածներն ու հաճախորդացվածները։ Ու քանի որ հսկայական ռեսուրսը չի աշխատում, նշանակում է՝ աշխատում է ճշմարտությունը, որն այլևս հնարավոր չի թաքցնել, առավել ևս՝ օր օրի անկումային թվեր արձանագրող Հայաստանում:

Ճիշտը մեկն է, դրանից չես փախչի նույնիսկ իշխանության տնօրինած մեծ, բայց խոտանոտ լրատվական հնարավորությունների պարագայում:

Այնպես որ, Սարգսյանը պետք է պատրաստվի Նոր տարվան՝ իր ճշմարտություններով:

«7օր»-ը շնորհավորում է մեր բոլոր գործընկերների (խոսքը չի վերաբերում հաճախորդացված լրագրողներին) առաջիկա տոները:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը