Երվանդ Բոզոյան. «Այս իշխանության առաքելությունն այլևս սպառված է»
«NewsBook»-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ամփոփում է տարվա քաղաքական իրադարձությունները:
-2014 թվականը նշանավորվեց նաև խորհրդարանական ոչիշխանական խմբակցությունների համախմբված աշխատանքով: Ըստ Ձեզ՝ իրենց առջև դրված խնդիրները կարողացա՞ն լուծել:
-Միանշանակ: Ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե խորհրդարանական որ ուժն իրեն ինչպես պահեց, մեծ հաշվով, սա առաջին անգամ էր, որ, փաստորեն, խորհրդարանական ոչիշխանական ուժերը կոնսոլիդացվեցին: Մենք 2015 թվականին կտեսնենք էլ ավելի մեծ նման կոնսոլիդացիաներ: Կարծում եմˋ հենց այդ կոնսոլիդացիայի արդյունքն էր, որ իշխանությունը ստիպված եղավ զոհաբերել իր վարչապետին: Առաջին անգամ զգացին, որ կարող են մասնակի իշխանությունը կորցնել, և այն համոզվածությունը, որը նախկինում կար, այսօր Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերի մոտ, արդեն չկա: Իհարկե, այս վերջին ահաբեկչական դեպքերի ժամանակ իրենք նորից ակտիվացել են, բայց ես կարծում եմ, որ դա կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, և 2015 թվականին քաղաքական կյանքի ակտիվացումը կրկին դրանք կդնի իր բնական տեղը:
-Կառավարության փոփոխությունից անցել է 8 ամիս, սակայն մինչև այժմ քաղաքական շրջանակներում չկա համաձայնություն, թե ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացրեցˋ ընդդիմության պահանջի՞, թե՞ այլ դրդապատճառներ կային:
-Բոլորդ էլ հասկանում եք, որ եթե ոչիշխանական ուժերի և հասարակական շրջանակների կոնսոլիդացիան չլիներ, Տիգրան Սարգսյանը կմնար վարչապետի պաշտոնում: Սա բոլորի համար պարզ է: Իշխանությունը երբևէ որևէ կոմպրոմիսի չի գնում, եթե չկա ճնշում: Եթե լինում է ճնշում, կլինի նաև կոմպրոմիս: Նա մերժեց ընդդիմության 12–կետանոց պահանջը, որից հետո ընդամենը 2 հանրահավաք անցկացրեց ընդդիմությունը, որից հետո էլ իշխանությունները միանգամից հայտարարեցին, որ պատրաստ են քննարկել 12 կետերը: Իշխանությունն այդ իմաստով, ուզում եմ ասել, որ շատ արագ զգում է ճնշման էլեմենտը: Ճնշումները միշտ իրենց արդյունքը տալիս են, եթե դրանք լինեն հետևողական, հաշվարկված և նպատակային քայլերի շղթայով: Եթե նման կերպ լինի, ապա ես կարծում եմ, որ իշխանությունները կարող են հայտնվել բավականին խուճապային իրավիճակում:
-Պարո՛ն Բոզոյան, «եռյակի» հանրահավաքները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ի՞նչ ազդեցություն թողեցին:
-Ես կարծում եմ, որ վերջին 20 տարիների ընթացքում, եթե չհաշվենք 90-ական թվականների ակտիվությունը, նախընտրական կամ հետընտրական զարգացումներից բացի, երբևէ մեծ հանրահավաքներ չէին անցկացվել: Այս հանրահավաքաներն անցկացվեցին անկախ ընտրություններից: Քաղաքական ուժերը կոնսոլիդացված հանրահավաքներ են անցկացրել ոչ թե նախընտրական բնույթի, այլ կոնկրետ նպատակի համար: Իսկ հանրահավաքները նպատակ ունեին ցույց տալ, որ ոչ իշխանական ուժերն ուզում են միասնական գործել, քանի որ ունեն միասնական պահանջ: Այսինքն, այսօր ժողովրդի հրապարակը միասնական է. մնում է, որ հարթակը դառնա միասնական: Հարթակը դեռ այդքան միասնական չէ, ինչը շատ տրամաբանական և հասկանալի է: Հրապարակը միանշանակ միասնական է, ժողովուրդը միասնական է, և 80 տոկոսը մերժում է իշխանություններին: Դա նաև անուղղակիորեն խոստովանում է իշխանությունը: Դա ակնհայտ է: Իհարկե, որոշակի խնդիրներ կան, բայց դրանք բոլորն օբյեկտիվ պրոցեսներ են, օբյեկտիվ իրավիճակ: Այստեղ կա խանդի էլեմենտ, ոչ հստակության, որոնք բացասական են ազդում: Ասել, որ ընդդիմության մեջ սխալներ չկան, մեղմ ասած, սխալ կլինի. միանշանակ, բազմաթիվ սխալներ է անում ընդդիմությունը: Բայց խնդիրը դա չէ. խնդիրն այն գլխավոր ուղենիշն է, որը երևում է: Այսինքն, իշխանության առաքելությունն այլևս սպառված է, նա արդեն առաքելություն չունի ժողովրդի մոտ. բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտում իշխանությունն այլևս անելիք չունի:
Երվանդ Բոզոյան. «Այս իշխանության առաքելությունն այլևս սպառված է»
«NewsBook»-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ամփոփում է տարվա քաղաքական իրադարձությունները: