Մեկնաբանություն

25.12.2014 19:18


Սա քո կռիվը չէ, ընկե՛ր Արծվիկ

Սա քո կռիվը չէ, ընկե՛ր Արծվիկ

ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանն այն եզակի պատգամավորներից է, ովքեր պրոֆեսիոնալ օրենսդիրներ են, և աչքի են ընկնում իրենց դրական մարդկային որակներով։ Ցավալի է, սակայն, արձանագրելը, թե ինչպես է նա մտել մի խաղի մեջ, որն ակնհայտորեն իրենը չէ, և որն անպայման անդրադառնալու է իր դրական իմիջի վրա։

Դատելով ամենից՝ Արծվիկ Մինասյանը լավ տնտեսագետ է և պարկեշտ մարդ, սակայն ոչ այնքան լավ քաղաքագետ, այլապես չէր անի այն, ինչ հիմա անում է։

Հաճելի չէ հետևելը, թե ինչպես է Ա. Մինասյանը փորձում փաստաբանի ֆունկցիա կատարել այս ձախողված իշխանությունների քայլերի համար։ Այն իշխանությունների, որոնց ինքն է բազմիցս հիմնավոր քննադատել։ Եվ հարց է առաջանում` այդ ի՞նչ է փոխվել, որ հանկարծ ու այս իշխանությունների քայլերը պաշտպանելը դարձավ հնարավոր։ Եթե մի բան էլ փոխվել է, ապա դեպի վատը։ Ինչի՞ մասին է խոսքը։

Արժե առանձնահատուկ ընդգծել, որ կա մի սահման, որից այն կողմ արդեն կարող ես հայտնվել մատի ու մատանու արանքում, և «քաշվել»։ Անձնական վիրավորանքներ հասցնելով հակառակ ճամբարում գտնվողներին (ՀՅԴ վերնախավի ջանքերով՝ այդ ուժն այժմ իշխանամերձ ճամբարում է)` տեսակետդ ավելի համոզիչ չես դարձնի, իսկ Սերժ Սարգսյանի օգտին էլ «PR» անելով իմիջդ չես բարելավի, այլ ճիշտ հակառակը։

Եվ ինչի՞ համար է Արծվիկ Մինասյանն անում այս ամենը։ Որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա վերարտադրվել ու շարունակել «Ֆուտբոլային» դիվանագիտությո՞ւնը, որպեսզի արտագաղթը շարունակվի՞, որպեսզի տնտեսական հետընթացը մշտակա՞ն լինի, որպեսզի դոլար–դրամ խաղերով ժողովրդին դիվերսիայի՞ ենթարկեն...

Ընկե՛ր Արծվիկ, զարմանալի չէ՞ արդյոք, որ քեզ լրատվական դաշտում պաշտպանում է տխրահռչակ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», իսկ «անկախ» կայքերն էլ թամաշա են սարքում։ Հլա նայի Նիկոլի քաղաքական կոդերին ու ՀՅԴ–ի քաղաքական կոդերին։ Այդ ինչպե՞ս եղավ, որ հաճախորդ Նիկոլը սկսեց քեզ պաշտպանել։ Հաճելի՞ է նրա հետ միևնույն տիրույթում հայտնվելը։ Մտածելու բան է։

Ինչպե՞ս կարելի է իշխանական «tert.am»–ին հարցազրույցը հարցազրույցի հետևից տալ, ներկայանալ որպես ընդդիմություն ու քննադատել ... Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին։ Պարզ չէ՞, որ դրանից հետո գնահատականներ կարող են հնչել։ Ոչ այնքան հաճելի գնահատականներ։

Դրա համար կուզենանք մեր բարեկամական խորհուրդը տալ Արծվիկ Մինասյանին՝ չմտնել մի դաշտ, որտեղ ինքն ուժեղ չէ, և կարող է կորուստներ ունենալ ինչպես մարդկային, այնպես էլ քաղաքական առումներով։ Սա ասում ենք ամենայն անկեղծությամբ ու սրտացավությամբ։

Բարի համբավը, որն ունի Արծվիկ Մինասյանը, անկախ ամեն ինչից, չարժե այսրոպեական կասկածելի գործընթացների մեջ կորցնել։

Այս ամենն անցողիկ է։ Սերժ Սարգսյանի բռնած գիծն, ի վերջո, դատապարտվելու է ձախողման։ Չարժե, հետևաբար, անել բաներ, որոնք հետագայում բումերանգի էֆեկտ են ունենալու։

Հայաստանն ունի մեկ խնդիր՝ գահավիժումը կանգնեցնելը և զարգացման ուղի դուրս գալը։ Այդ խնդիրը լուծելու համար կա մարտավարական հարց՝ իշխանափոխություն, և ռազմավարական հարց՝ համակարգային փոփոխություն։ Առանց մարտավարականի լուծման` հնարավոր չէ ռազմավարականին անցնելը։ Հակառակ տեսակետ ունեցողները լավագույն դեպքում անկեղծ մոլորյալներ են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը