Մեկնաբանություն

25.12.2014 16:38


Նեոբոլշևիզմի սարսափելի երեսը

Նեոբոլշևիզմի սարսափելի երեսը

Սերժ Սարգսյանի` նախագահ աշխատելու տարիներին միայն անկումներ չեն գրանցվել։ Եղել է նաև աճ, այն էլ՝ կտրուկ։ Աճել են արտագաղթը, աղքատությունը, կապիտալի արտահոսքը և այլն։

Աճ է արձանագրվել լրատվական կոչված դաշտում։ Շատացել են Բ26–ի շահերը գեղամյանավարի սպասարկող «անկախ» լրատվամիջոցները։ Ընդ որում, որքան աճել է ՀՀ աղքատ քաղաքացիների քանակը, որքան շատ մարդ է համալրել Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը», որքան շատ է փախել կապիտալը Հայաստանից, այնքան ավելացել են «անկախ» լրատվամիջոցներն ու դրանց տրվելիք ռեսուրսները։ Այսինքն, «անկախ» լրատվամիջոցները սնվում են Հայաստանի թուլացման հաշվին։

Իսկ թե ինչու է այդպես ստացվել, ունի պարզ բացատրություն։ ՀՀԿ ղեկավարը խնդիր է դրել սեփականության վերաբաշխման միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծել, և այդ առումով նա ահագին արդյունքներ է արձանագրել։ «Հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում ՀՀ տնտեսության կենտրոնացվածության մակարդակը բարձրացել է, փայ մտնելը և մարդկանց ձեռքից բիզնեսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խլելը դարձել են խաղի կանոն։

Հասկանալի է, որ նման քաղաքականությունը խոր դժգոհության և երկիրը լքելու պատճառ է դարձել շատ–շատերի համար։ Ու որպեսզի հանրության դեմ պայքարում իշխանությունները կարողանային հաղթանակ տանել, ստեղծել են արմանբաբաջանյանների միջոցով կառավարվող «1in.am»–ներ, որպեսզի սրանք Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ աշխատեն, և կեղծ օրակարգերով ու թիրախներով տեղեկատվական դաշտը լցնեն զիբիլով։

«1in.am»–ն, օրինակ, փարիսեցիաբար անդրադարձել է աղքատներին՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով նրանց արժանապատվության թեմայով։ Բայց դա իսկական դերասանություն է, քանզի Սամվել Ալեքսանյանից անվճար հաց վերցնողների հերթեր են կուտակվել նույն Արման Բաբաջանյանի շեֆի՝ Սերժ Սարգսյանի ձեռնարկած քայլերի արդյունքում։

Հայաստանում իրականացվում է նեոբոլշևիկյան քաղաքականություն, որի շրջանակներում չի հերքվում մասնավոր սեփականության ինստիտուտի անհրաժեշտությունը՝ պայմանով, որ սեփականությունը պետք է այս կամ այն ձևով տնօրինվի «Վերջի բոլշևիկի» կողմից։

Իշխանությունները, թաքնվելով արևմտամետի, առաջադեմի ու բարի «ձյաձյայի» կերպարի տակ, իրականում համատարած թալան են իրականացնում, որի վերջին դրսևորումներից էր տարադրամի շուկայում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Արմանբաբաջանյանների խնդիրն է պաշտպանել նեոբոլշևիկների թալանի իրավունքը «քաղաքացիական» ու «անկախ» դիրքերից։ Բայց դե, ամբողջ հանրությանը երկար ժամանակով հիմարի տեղ դնելը դատապարտված է անհաջողության։ Իսկ ՀՀ անվտանգության դեմ արված քայլերը վաղեմության ժամկետ չունեն։ Այնպես որ, արմանբաբաջանյանները նույնքան պատասխանատվություն են կրում մեր երկրում ստեղծված իրավիճակի համար, որքան իշխանավորները։

Ի դեպ, ֆաշիստական ռեժիմի դատապարտման ժամանակ ամենածանր գնահատականները տրվեցին գեբելսյան քարոզչությանը և դրա մշակներին, քանզի այդ քարոզչության հասցրած վնասները ոչ պակաս էին, քան գազային խցիկներինը։ Այնպես որ, ոչ ոք չի մոռացվելու, և ոչինչ չի մոռացվելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը