Մեկնաբանություն

25.12.2014 12:25


«Ապխտած իշխանություն»

«Ապխտած իշխանություն»

Հայտնի է, որ մսամթերքն ապխտում են սննդում ավելի երկար օգտագործելու նպատակով։ Ապխտածը համեմատաբար ուշ է փչանում։

Հայաստանի գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցանկանում է վերարտադրվել։ Աբսուրդային այս ցանկությունը որքան չի տեղավորվում տրամաբանական որևէ տիրույթում, այնքան ավելի է ամրագրում երկրում անցնցում իշխանափոխության անհրաժեշտությունը։ Բայց դա այլ թեմա է։

Այսօր կխոսենք «ապխտած իշխանությունից»։ Իշխանություն, որը համառորեն փորձում է իրեն հրամցնել մինչև կոկորդը գաղջից կշտացած բացարձակ մեծամասնությանը։ Ու որքան էլ փորձ արվի ներկայացնել, «թե Սերժ Սարգսյանը չի ցանկանում վերարտադրվել», ու նման այլ ձևակերպումներ, միևնույն է, նույնիսկ ապխտած վիճակում այս իշխանությունն ուղղակի վանում է։ Միայն այն, թե ինչից ու ինչպես է այն պատրաստված, բավական է դրանից մեկընդմիշտ հրաժարվելու համար։

«Ապխտած իշխանություն». բաղադրատոմս

800-1000 կգ ԽՍՀՄ արտադրության, թեկուզ՝ վատ պահպանված, ամեն ինչով սնված, փտած խառը զանգված,

400-600 կգ համեմատաբար թարմ մսակույտ, որը կարելի է ցանկացած պահի ցանկացած նպատակով օգտագործել (նախընտրելի է առանց մազածածկույթի),

60-100 գլուխ նեխած հաճախորդ (պիտանելիության ժամկետը կարևոր չի),

300-400 կգ գյուղի հոտած պանիր,

120 կգ-ոց լավ բտած հնդուհավ (5-6 հատ),

50-60 կգ–ոց սովորական կիսաբտված հավ,

թարս բուսած խիար,

գաղջ,

տոմատի փոխարեն՝ արյուն,

մայոնեզի փոխարեն՝ ֆորմալին։

Պատրաստման եղանակը

Խառը զանգվածն ու մսակույտը լավ ծեծում եք, ավելացնում եք արյուն ու ֆորմալին և մի 10 տարի պահում եք։ Այդ ընթացքում զանգվածի վրա պարբերաբար ավելացնում եք նեխած հաճախորդի մի քանի գլուխ։ Հնդուհավերին ու հավին, առանց փետրահան անելու, աղում եք։ Վրան ավելացնում եք քերած հոտած պանիրը։ Ստացված զանգվածը լցնում եք ֆորմալինի մեջ եղածին, լավ խառնում եք։ Կաթսայի մեջ լցնում եք գաղջն ու այնքան եռացնում, մինչև ճահճահոտը դառնա անտանելի։ Եռացող գաղջի մեջ լցնում եք նախապես պղպեղված խառնուրդը։ 6-7 տարի հետո այն հանում եք կաթսայից ու մտցնում ջեռոց։ Լավ չորացնելուց հետո դրա վրա ավելացնում եք մի քանի թարս բուսած խիար։ Բարի ախորժակ։

«7 օրի» խոհարարական բաժին

Այս խորագրի վերջին նյութերը