Հարցազրույց

24.12.2014 20:02


Էդվարդ Անտինյան. «Ակնկալիքն իշխանափոխությունն է»

Էդվարդ Անտինյան. «Ակնկալիքն իշխանափոխությունն է»

Հարցազրույց քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ։

–Պարո՛ն Անտինյան, Ծառուկյանն առաջարկեց գալիք քաղաքական տարին սկսել լայն համախմբմանը միտված քայլերով, որոնցից մեկն էլ հրավիրվելիք խորհրդաժողովն է։ Կխնդրեի ներկայացնել Ձեր տեսակետը։

-Կարծում եմ՝ գալիք հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած համաժողովով ոչ միայն եկող տարվա քաղաքական ծրագրերի սկիզբը կազդարարվի, այլև այս տարվա կատարված աշխատանքները կամփոփվեն: Ու թեպետ այս տարվա քաղաքական արդյունքներն էլ քիչ չեն, բայց հանրության ակնկալիքը, բնականաբար, ավելի շատ է։ Ակնկալիքն իշխանափոխությունն է, որին միտված պետք է լինեն ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունները։

–Դուք ինչպես կգնահատեք անցնող տարին քաղաքական առումով։

–Եթե կարճ ամփոփելու լինենք, ապա վերջին նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ մեր հանրության մոտ արտահերթ ընտրությունների հույս արթնացավ, երբ այս տարվա փետրվարի 15-ին ԲՀԿ համագումարի ժամանակ Ծառուկյանն իր ելույթով հասկացնել տվեց, որ այս վիճակի հետ հաշտվել ինքը չի պատրաստվում, իսկ մեր հասարակությանն էլ ազդակ ուղարկվեց, որ այսպես ապրել այլևս չի կարելի և կա քաղաքական ուժ, որը պատրաստ է համախմբող ֆունկցիա կատարել: Իսկ իշխանափոխությանն ուղղված կարևոր փուլերից էր թե՛ հոկտեմբերի 10 հանրահավաքը, թե՛ հատկապես հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդն իր ելույթով հստակեցրեց առաջիկա անելիքներն ու վերջնանպատակը, այն է՝ իշխանափոխություն։

–Հետհանրահավաքային ժամանակահատվածը ոմանք գնահատում են որպես նախապատրաստական շրջան, իսկ ոմանք կարծիք են հայտնում, թե որոշակի պասիվություն կա։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

–Ծառուկյանը մշտապես խոսել է լայն կոնսոլիցադիայի անհրաժեշտության մասին ու այդ ուղղությամբ գործնական քայլեր արել: Այս առումով ես պասիվություն չեմ տեսնում։ ԲՀԿ առաջնորդը ցույց տվեց, որ համախմբող հսկայական պոտենիցալ ունի։ Ուստի պատահական չէ, որ արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների ղեկավարներ հենց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ էին հայտնում համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Քիչ չէին նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ու անհատ ակտիվիսենտերի հանդիպումները ԲՀԿ ղեկավար կազմի հետ, որով էլ ազդարարվել են շարժմանը միանալու իրենց պատրաստակամության մասին:

–Հունվարի 20–ի համաժողովն անձամբ Գ. Ծառուկյանն է հրավիրել և դա որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել...

–ԲՀԿ առաջնորդը գալիք համաժողովն անձամբ է հրավիրել, որպեսզի դրանով նաև հատուկ ընդգծի, որ ոչ ոք՝ ոչ մի քաղաքական կամ հասարակական ուժ անտեսված չէ, և պետք է բոլորով հավաքվեն ու առաջիկա անելիքներն ուրվագծեն՝ մեր երկրի համար բավական բարդ այս իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն: Այս հանդիպումը ոչ մի պարագայում չի գալու փոխարինելու ո՛չ «եռյակի» ձևաչափին, ո՛չ համաժողովրդական շարժմանը, ո՛չ էլ հանրահավաքային պայքարին, սա ավելի շուտ փոխլրացնելու նպատակ է հետապնդում ու նաև նոր որակի համագործակցության հիմք դնում: Ողջ տարվա ընթացքում տարբեր ուժերի հետ հանդիպումներից հետո այժմ կլինի բաց ու հրապարակային քննարկում, և հասարակությունը կտեսնի, որ դրանք ինչ որ սեպարատ բանակցություններ ու գաղտնի պայմանավորվածություններ չէին, այլ ուժերի համադրմանն ու համախմբմանն ուղղված գործնական քայլեր, ինչի հրապարակային յուրօրինակ հաշվետվությունն էլ կլինի հունվարի 20-ին: Պարզ է, որ դրան կհաջորդեն առաջիկա անելիքների մասին մեսիջները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը