Մեկնաբանություն

24.12.2014 18:20


Անտեղի ժպիտով արտաքին մարտահրավերներին չես դիմակայի

Անտեղի ժպիտով արտաքին մարտահրավերներին չես դիմակայի

Երեկվանից համացանցում սկսված անզուսպ քրքիջն ու միաժամանակ ամոթի զգացման ցույցերը նույն թափով շարունակվում են:

Զարմանալիորեն նախագահական պալատի «ֆեյքերը» դեռ շարունակում են լռել:

Երեւի, սրանք էլ ամոթից այնքան են կարմրել, որ իրենց սիրելի ՀՀԿ առաջնորդի կեցվածքը որեւէ բառով պաշտպանել չեն կարողանում:

«Այիբ» է, ի՞նչը պաշտպանես:

Միայն քրքիջ ու ամոթի զգացում այն պատճառով, թե ինչպե՞ս կարող է քո երկրի ղեկավարը Մոսկվայում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում եւ հաջորդած ասուլիսում իրեն դրսեւորել իբրեւ սովորական «հաճկատար»՝ ի ցույց դնելով ստրկամտությունը:

Նման պահվածքի դեպքում քո երկիրը ոչնչանում է, աշխարհի քարտեզի վրա երեւացող այն մի փոքրիկ կետն էլ է ջնջվում:

Մյուս կողմից էլ ոչ մի զարմանալի բան չկա, որ երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանը ԵՏՄ հիմնադիր պետությունների ղեկավարներին ասելու բան չի ունեցել:

Այս տարվա մայիսի վերջին Մինսկում նույն կառույցի շրջանակներում հրավիրված նիստում Սերժ Սարգսյանը լռեց ու ոչ մի բառով չհակադարձեց Ալիեւի նամակը ընթերցող Նազարբաեւի ելույթին:

Վերադառնալով Հայաստան, հայտարարեց, որ «մեր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»:

Մոտ երկու ամիս առաջ էլ պաշտոնական Երեւանը ԵՏՄ ղեկավարության առաջ ուրախությամբ վերահաստատել է. «Մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ Ղարաբաղը չի հանդիսանում ՀՀ տարածք։ Մենք հարաբերությունները ԼՂ-ի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ՝ դե յուրե չճանաչելով»։

Իսկ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նույնքան ոգեւորված իրենց համաձայնությունն են տվել ԵՏՄ-ում հաստատված ձայնի իրավունքի կարգին: Ի տարբերություն անդամ մյուս երկրների, ովքեր ԵՏՄ-ում կունենան 3 անդամ և 3 ձայնի իրավունք, Հայաստանը կունենա 3 անդամ, սակայն մեկ ձայնի իրավունք:

Սրան էլ է Սերժ Սարգսյանը համաձայնել: Այսինքն՝ այդ կառույցում Հայաստանն իսկի աղքատ ազգականի կարգավիճակ էլ չունի: Ավելի ցածր….Բոմժի:

Դե հիմա, այսքանից հետո այդ ի՞նչ պետք է ասեր նա երեկ, կամ՝ ինչո՞ւ պետք է որեւէ ակնկալիք ունենայինք Սերժ Սարգսյանից: Ի՞նչ պետք է, նա ասել-պրծել է՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր: Մինչեւ երեկ Սարգսյանն իր ասելիքն ասել է ու պարտաճանաչորեն կատարել է ԵՏՄ ղեկավարության ցուցումները:

Այնպես, որ մնում էր մինչեւ գետին խոնարհվելով շնորհակալություն հայտնելն ու «շուրաբալագանովյան» ժպիտով այս կամ այն ելույթին արձագանքելը: Ինչն էլ «պատվով» կատարեց:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը