Մեկնաբանություն

24.12.2014 13:58


«Молчи - за умного сойдешь!»

«Молчи - за умного сойдешь!»

Սերժ Սարգսյանը շատ չխոսկան մարդ է։ Նա սիրում է աշխատել։ Փող աշխատել։ Բնականաբար, ՀՀ բյուջեն լցնելու նպատակով (իսկ դուք ա՞յլ կարծիքի եք)։

Դատելով ամենից՝ միջազգային հարաբերություններում և Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի քննարկման ժամանակ նա առաջնորդվում է «Молчи - за умного сойдешь!» կարգախոսով։

Երկրի ներսում տեղի են ունենում դրամատիկ և քաոտիկ իրադարձություններ, բայց Սարգսյանը լուռ է։ Նրա փոխարեն խոսում և ցուցադրում են «անկախ» լրատվամիջոցները։

«Հրապարակ» թերթն, օրինակ, մեքսիկական էժանագին սերիալների սիրահարների համար մի պատմություն է ներկայացրել, թե ինչպես է դրամն արժեզրկվել, ինչպես է ԿԲ նախագահը վազել Հովիկ Աբրահամյանի մոտ (Սերժը տարածքում էր, բայց տեղում չէր), ինչպես է չար վարչապետն արգելել դրամի հետ որևէ բան անել (դավադրությո՜ւն), ինչպես է Սերժը միայն օրեր անց իմացել, որ դրամը մահամերձ վիճակում է, և ինչպես է նույն Սերժը կախարդական փայտիկով կարգավորել խնդիրներն ու դրամի կուրսը «շողուլի» բերել։ Թե քանի ոչխարի կկարողանան այս սերիալի սպառող դարձնել, արդեն էական չէ։ Էականն այն է, որ «Հրապարակի» ու մյուսների միջոցով խոսում և ցուցադրում է «Վերջի բոլշևիկը»։

Ինչ մնում է արտասահմանում Ս. Սարգսյանի պահվածքին, ապա դրան ականատես եղանք նաև երեկ Մոսկվայում, երբ նա «ռեչ» ասեց Լուկաշենկոյի ակնհայտ արհամարհական խոսքերից հետո։ «Ռեչն» այդ շատ կարճ էր ու Հայաստանի համար նվաստացուցիչ, քանզի ՀՀ–ն ներկայացնող մարդն աղքատ ու անարժանապատիվ բարեկամի պես շնորհակալություն էր հայտնում, որ Հայաստանին վերցրել են ԵՏՄ։

Բայց դե, Սարգսյանին մեղադրել պետք չէ։ Խոսի, որ ի՞նչ անի։ Նա լուռ էր, երբ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում թուրքերը նախապայմաններ էին առաջ քաշում («Նախագա՛հ, մի՛ զիջի՛ր»)։ Լուռ էր նաև Աստանայում, երբ Նազարբաևն Ալիևի պահանջներն էր առաջ քաշում (Սերժը հետո եկավ Ծաղկաձոր և հուժկու ձևով բավարարեց Ալիևի պահանջները՝ հայտարարելով, թե Ղարաբաղը մեր մտքում և իրավաբանորեն Հայաստանի մաս չի կազմում)։

«Լուռ դիվանագիտության» վերջին դրսևորումն, ահա, Մոսկվայում էր, երբ արտասանվեց սուպերկարճ «ռեչը», և հնչեցվեց եզրափակիչ խոսքը՝ «վոտ ի վսյո»։ Դա իրոք «վսյոն» էր՝ վերջը։ Սա այն դեպքն է, երբ լռությունը ոսկի չէ, այլ լրիվ ուրիշ բանի վկայություն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը