Լրահոս

27.01.2011 15:46


Ցուցարարներ. «Մեզ ասում են' սոված կոտորվե՛ք, մեռե՛ք»

Ցուցարարներ. «Մեզ ասում են' սոված կոտորվե՛ք, մեռե՛ք»

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առջև հավաքվել էր մի քանի տասնայկ մարդ, ովքեր բողոքում էին փողոցային առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշման դեմ։

-Օրը մենք աշխատում ենք ընդամենը 1500 դրամ։ Մենք շատ ենք խնդրում, որ այդ 1500 դրամը թույլ տան աշխատենք, որ կարենանք մեր երեխաների հացի խնդիրը լուծել։ Մեր հացի խնդիրը, ուրիշ ոչ մի բան։ Իսկ իրանք հիմա մեզ ասում են՝ սոված կոտորվե՛ք, մեռե՛ք, ոչ մի տեղ էլ չենք տալիս ձեզ,-ասում էին ցուցարարները։

Ինչպես տեղեկացանք, երեկ՝ հունվարի 26-ին, բողոքավորները դիմում էին ներկայացրել նախագահի նստավայր՝ պահանջելով իրենց թույլ տալ շարունակել զբաղվել բացօթյա առևտրով, մինչև որ իշխանությունները դրա համար ավելի հարմար պայմաններ կստեղծեն, և այսօր հավաքվել էին պատասխանը իմանալու։ Նախագահի աշխատակազմը, սակայն, ցուցարարներին ոչ մի ստույգ պատասխան չի տվել.

-Նախատեսված է, որ պատասխանը պետք է գա մեկ ամսում։ Բայց իրանք միջնորդում են, որ արագացնեն՝ փետրվարի 7-ին մենք 4-5 հոգով պետքա գնանք քաղաքապետարան, որպեսզի պատասխանը իմանանք։ Էն ժամանակ իրանք հստակ կասեն՝ կա՛մ հա, կա՛մ չէ։ Թե մինչև էտ ի՞նչ պիտի անենք, չգիտեմ,-ասել է բողոքի գործաղության մասնակիցներից մեկը։

Ցուցարարները հայտնել են, որ թեպետև չեն ակնկալում փետրվարի 7-ին քաղաքապետարանից որևէ դրական պատասխան ստանալ, սակայն մինչև վերջ պայքարելու են իրենց «կյանքի ու մահվան» խնդրի համար։

Այս խորագրի վերջին նյութերը