Մեկնաբանություն

23.12.2014 13:49


Գրանտային մասխարություն

Գրանտային մասխարություն

Էս նեղ մաջալին, երբ «տոնական» թանկացումներից գլուխը կորցրած ժողովուրդը չգիտի, թե ինչպես Ամանոր նշի, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը «Ոչ Թուրքիայում հանգստին» թեմայով ակցիա է անում:

Երեկ նա իր շահառու տղերքի ու աղջիկների հետ միասին մի մեծ պաստառ էր տեղադրել «Մոսկվա» կինոթատրոնին հարակից «Ազնավուրի» հրապարակում եւ «հայրենասիրական» ակցիա էր անում: «Ոչ Թուրքիայում հանգստին» վերտառությամբ այդ պաստառն էլ «ձեւավորել» էր Հրանտ Դինքի ու Գուրգեն Մարգարյանի լուսանկարներով (երեւի իր կազմակերպած մազալու միջոցառմանը որոշ չափով լրջություն հաղորդելու նպատակով):

Մի խոսքով, նախագահականի գրանտները միայն իրեն հայտնի կազմակերպություններին բաժանած Կարեն Ավագյանն այս անգամ որոշել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործընկեր անհայտ մի կազմակերպության հետ («Ոչ պետական բուհերի ուսանողական» կենտրոն) անցորդներին կոչ անել՝ չգնալ Թուրքիա հանգստանալու:

Դե, Սերժ Սարգսյանի աշխատակազմի կողմից հատկացված գրանտների դիմաց ինչ-որ գործունեություն պե՞տք է ծավալեն ու դա ի ցույց դնեն հանրությանը, եւ, որ ամենակարեւորն է՝ դրանով «ատչյոտ տան» նախագահականին, թե տեսեք՝ ձեր տված գրանտներով ինչ «մեծ գործ» ենք արել:

Սրանց արածն, իհարկե, մասխարություն է: Այսօր, երբ բոլոր տոնավաճառներում ու խանութներում թուրքական ապրանք է վաճառվում (հայրենական արտադրանքն էլ մեռցրին), երբ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի եւ գործազրկության պատճառով ՀՀ քաղաքացիներից շատերը փախել են Թուրքիա, աշխատում եւ ապրում են այնտեղ, այս ֆոնին Կարեն Ավագյանի արածն իսկական մասխարություն է:

Դե, նա հո նախագահականի գրանտներով «Ո՛չ թանկացումներին» բողոքի ակցիա չէ՞ր կազմակերպելու: Կամ՝ իր շահառուներին փողոց չէ՞ր հանելու, որպեսզի միահամուռ Սերժ Սարգսյանից պահանջեին չեղյալ հայտարարել 2015-ին Էրդողանին Երեւան կանչելու հրավերը:

Կամ՝ Կարեն Ավագյանը եւ «կոմպանիան» հո հրապարակային ակցիա չէ՞ին անելու՝ «Ո՛չ սպեկուլյանտներին ֆինանսական շուկայում» թեմայով: Կամ առավել ևս՝ «Ո՛չ հայ–թուրքական արձանագրություններին» ու «Ո՛չ ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնողներին»։

Հավերժ երիտհանրապետական Ավագյանը նախագահականի գրանտները պետք է մսխի միայն անշառ և խիստ «հայրենասիրական» ակցիաների վրա:

Ճիշտն ասած, մտավախություն ունեինք, որ ակցայի կեսից կամ վերջում «պաժար» կտեսնենիք: Այն էլ լավ էր. սրանց գրանտային պաստառը չհրդեհվեց, ու Ավագյանի մի քանի շահառուներն էլ այրվածքներ չստացան:

Ուրեմն, Ավագյանն ու «կոմպանիան» հանգիստ կարող են մեկնել Թուրքիա՝ իրենց տոնական հանգիստն այնտեղ անցկացնելու համար:

Մանավանդ որ փողի պակաս չունեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը