Մեկնաբանություն

23.12.2014 12:40


Ամանորյա շնորհավորական ուղերձ (ֆուտուրիստական տարբերակ)

Ամանորյա շնորհավորական ուղերձ (ֆուտուրիստական տարբերակ)

Նոր տարվա մեկնարկին մնում է 10 րոպե։ Սերժ Սարգսյանը տեղավորվում է հարմարավետ բազկաթոռին ու միացնում հեռուստացույցը։ Վայրկյաններ անց ինքը պետք է խոսի... Բայց, անհասկանալի բան է տեղի ունենում։ Ավանդական ամանորյա շնորհավորական ուղերձն անում է... Հայաստանի բնակչությունը։

Բացարձակ մեծամասնությունը շնորհավորում է Սերժ Սարգսյանին։ Սկզբում հնչեցվում են անցնող տարվա ձեռքբերումները։ Սերժ Սարգսյանը ոչինչ չի հասկանում. ջղաձգորեն փորձում է անջատել հեռուստացույցը։ Չի ստացվում։

Ժողովուրդը շարունակում է իր շնորհավորական ուղերձը։ Ամեն մի րոպեն մի դար է թվում Սերժ Սարգսյանի համար։ Փորձում է բարձրանալ տեղից, չի ստացվում։

Գամվել է բազկաթոռին ու չի կարողանում ոչ մի շարժում անել։ Գոնե ձեռքերը կարողանար բարձրացնել՝ ականջները փակելու համար...

Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձը շարունակվում է։ Հայաստանի բնակչությունը, ինչպես որ ընդունված է, անցնում է գալիք տարվա ակնկալիքներին։ Սա արդեն մղձավանջ է Սարգսյանի համար։ Սառը քրտինքը պատում է ամբողջ մարմինը, աչքերի դեմը գնալով սևանում է, իսկ ժողովուրդը շարունակում է շնորհավորել... Թարսի պես էլ Երանոսյան Լևոնը չկա, որ բոլորի ականջները բռնի ու ...

«Շնորհավո՛ր Ամանոր ու Սուրբ ծնունդ, հարգելի՛ Սերժ Սարգսյան»։

Գնաց վայրկյանների հետհաշվարկը։ Սկսվեց 2015թ.–ը...

Սերժ Սարգսյանը հոգնած ու ընկճված բարձրանում է տեղից, անջատում հեռուստացույցն ու գնում պառկելու։

Ասում են՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ այն կանցնի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը