Լրահոս

29.09.2009 17:27


Հարուցվել է քրեական գործ՝ շրջանավարտների ծնողներից կաշառք պահանջելու դեպքի առթիվ

Շիրակի մարզի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի 2008-2009թթ. շրջանավարտների դասղեկ Ա. Բաղդասարյանը գրավոր դիմում էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ ահազանգելով նշված դպրոցում տեղի ունեցած ապօրինի դրամահավաքության վերաբերյալ: Շիրակի մարզի դատախազը դիմումն օրենքով սահմանված կարգով  ուղարկել է ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժին՝ ստուգելու դիմումում առաջ քաշված փաստարկները:

Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Մելիքյանը  2009թ. հունիսի 1-ին  փոխտնօրեն Մ. Խոջումյանին հանձնարարել է  դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտից  վերցնել 4000-ական դրամ՝ այլապես դպրոցի ավարտական քննությունները չեն կայանա, և շրջանավարտներն ավարտական վկայականներ չեն ստանա:

Այնուհետև դպրոցի փոխտնօրենը հրավիրել է ծնողական ժողով և շրջանավարտների ծնողներին հայտնել տնօրենի պահանջը: Տնօրենի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու և վերջինիս կողմից ավարտական քննություններին չխոչընդոտելու համար՝ 12 շրջանավարտներից՝ թվով 8-ի ծնողները հունիսի 2-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում 4000-ական դրամ են հավաքել և ընդհանուր 32 000 դրամ գումար տվել փոխտնօրեն Մ. Խոջումյանին:

Փաստի առթիվ ոստիկանության՝ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը