Մեկնաբանություն

23.12.2014 08:30


Նոր տարվա կենացներն ու դառն իրականությունը

Նոր տարվա կենացներն ու դառն իրականությունը

Ամանորի եւ Սուրբծննդյան տոների առիթով նախագահական պալատում արդեն սկսվել է ընդունելությունների շարքը:

Այսինքն, Սերժ Սարգսյանը մտել է «բարի Ձմեռ պապիկի» դերի մեջ, ու նրա կողմից լսում ենք տոնական կենացների, այն է՝ չափազանցված գնահատականների եւ անիրական արդյունքների մասին հայտարարություններ:

Ընդունելով Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե անցնող տնտեսական տարին արդյունավետ է համարում:

Ըստ Սարգսյանի՝ աշխարհի բոլոր երկրներում էլ (անգամ հզոր պետություններում) տնտեսական ոլորտում հնարավոր են բարդություններ եւ դժվարություններ:

Այնպես որ, մեր նման երկրներն ի՞նչ են, որ մեզանում չլինեն այդպիսի բարդություններ եւ դժվարություններ:

«Այստեղ չափազանց կարևոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, և եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարևորն այն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի, և կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Թե ինչ է նշանակում «պահեր», երբ անցած վեց տարիներին երկրի տնտեսությունը գտնվել է բարդությունների եւ դժվարությունների մշտական ռեժիմում, օտարերկրյա ներդրումների ծավալը շեշտակիորեն կրճատվել է, կապիտալը հոսել է դուրս, հայ գործարարներն իրենց բիզնեսները տեղափոխել են այլ երկրներ, իսկ «փայ մտնելու» ավանդույթը լայն թափով շարունակվել է, այդ մասին Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել:

Երեւի, աշխարհի բոլոր պետություններում նույնպես «փայ մտնողներ» կան:

Վեց տարի հայկական տնտեսությունն աստիճանաբար փլուզվում է, բայց, պարզվում է, ընդամենը եղել են դժվարությունների եւ բարդությունների «պահեր»:

Իսկ հիմա էլ նա տնտեսական տարին «արդյունավետ» է գնահատում:

Սակայն հետաքրքիր է այս ամենի համար մեղավորներ ու պատասխանատուներ չփնտրելու մասին Սերժ Սարգսյանի կոչը:

Ի՞նչ է ուզում ասել դրանով: Որ ինքը մեղավոր ու պատասխանատու չէ՞ սոցիալ-տնտեսական ներկա խայտառակ վիճակի համար:

Հե՛նց դա էլ ասում է:

Իր վրայից մեղքն ու պատասխանատվությունը գցելու հիանալի տարբերակ է գտել:

Եթե ոչ ոք մեղավոր չէ եւ պատասխանատվություն չի կրում երկրում առկա ծանր իրավիճակի համար, ապա ինչո՞ւ է գործող իշխանությունը շարունակում իշխել, իսկ ինքը՝ ՀՀԿ առաջնորդը, շարունակում մնալ նախագահական պալատում:

Իսկ ինչի՞ համար են պատասխանատու Սերժ Սարգսյանը եւ իշխող ուժը:

Միայն տոնական կենացների եւ տարիներ շարունակ ժողովրդին հեքիաթներ պատմելու համա՞ր են պատասխանատու:

Է՛հ, դա ամենահեշտ գործն է, որ կարող են անել բոլորը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը