Մեկնաբանություն

22.12.2014 22:20


Սպասվող նոր ճգնաժամն ու դրան պատրաստվելու տարբերակը

Սպասվող նոր ճգնաժամն ու դրան պատրաստվելու տարբերակը

Հայաստանում ստեղծված ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառը ներքին տնտեսական համակարգն է: Իհարկե, ճգնաժամը պայմանավորված է նաև արտաքին գործոններով ինչպիսիք են Ռուսաստանի տնտեսությունում սկսված խնդիրները, սակայն ճգնաժամը հիմնականում խթանվել է Հայաստանի պետական կառույցների կողմից:

Կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին փոխարժեքի ճշգրտում կատարեց և արժեզրկեց դրամը: Միևնույն ժամանակ ԿԲ-ն հայտարարեց, որ իր պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը։ Իրականում հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կամ ԿԲ-ն իրավիճակը վերահսկելու որևիցե ռեսուրս չունի կամ չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը:

ԿԲ-ի այդ հայտարարությունից մոտ երեք շաբաթ հետո դոլարը հատեց 600 դրամ շեմը: Չնայած դրամն այսօր հարաբերականորեն կայունացել է, սակայն վստահությունը դրամի նկատմամբ այլևս նույնը չէ, և դա վտանգավոր է տնտեսության համար, քանի որ ճգնաժամի վրա ազդել է նաև Ռուսաստանի տնտեսության բացասական զարգացումները, ապա պետք է հաշվի առնել, որ այդ ճգնաժամը խորանալու է, իսկ դա նոր ճնշում է ստեղծելու դրամի վրա:

Ըստ կանխատեսումների՝ Ռուսաստանի ՀՆԱ-ը 2015թ. հինգ տոկոս անկում է ունենալու: Միևնույն ժամանակ ռուսական ընկերությունները մոտ 100 մլրդ դոլարի արտաքին պարտք պետք է փակեն 2015 թվականի ընթացքում, սա նշանակում է, որ դոլարի պահանջարկը շարունակելու է մեծանալ ռուսական շուկայում, իսկ այս գործոնները լուրջ ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Մի կողմից դրամական փոխանցումներն են կրճատվելու դեպի Հայաստան, մյուս կողմից էլ Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող դոլարի ծավալը կարող է մեծանալ:

Նոր ճգնաժամին պատրաստվելու միակ տարբերակը արագընթաց ներքին շուկայական բարեփոխումներն են, հակառակ դեպքում, եթե ճգնաժամը անկառավարելի դարձավ, ապա այն ապոկալիպտիկ գործընթացների հիմք կարող է դառնալ:

Այստեղ կարևոր հիշել 1998թ. ռուբլու ճգնաժամը, որի ընթացքում Հայաստանը չմտավ ճգնաժամի մեջ, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ ևս Հայաստանի տնտեսությունը կախված էր Ռուսաստանից: Ավելին, 1998թ. Հայաստանը գրանցել է 7 տոկոս աճ, որը մեծապես կապված է եղել պատերազմից հետո սկսված շուկայական բարեփոխումների հետ: Փաստացի շուկայական նոր ձևավորված ինստիտուտները կարողացել են ավելի արդյունավետ արձագանքել ճգնաժամին: Իսկ այսօրվա տնտեսական համակարգը չի կարողանում նույն ձևով արձագանքել ճգնաժամին:

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանը երկրորդ անգամ հայտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, ինչը իշխանությունը հիմնավորվում է արտաքին գործոններով: 2008թ. խորը ճգնաժամը ու 2009թ. 14,4 տնտեսական անկումը իշխանությունը հիմնավորեց «արևմտյան շուկաներից» Հայաստանի տնտեսության կախվածությունով, իսկ այսօր հիմնավորվում է Ռուսաստանի տնտեսությունից կախվածությամբ: Իրականում ճգնաժամը մեծապես կապված է Սարգսյանի ընտրած կառավարման մոդելի հետ, որի հիմնական նպատակն է կենտրոնացնել ամբողջ տնտեսական ռեսուրսները մեկ մարդու ձեռքում:

Դրամի փոխարժեքի հետ կապված ճգնաժամը դեռ չի ավարտվել, այն շարունակվելու է նաև 2015թ., իսկ դրան դիմագրվելու միակ տարբերակը այն է, որ մեր տնտեսության մեջ իրական բարեփոխումներ տեղի ունենան։ Հակառակ դեպքում ճգնաժամը կարող է փլատակների տակ թողնել բոլորին:

Սարգսյանը դեռ կարող է մտածել, որ իր ուզած տարբերակով հնարավոր է սահմանադրական փոփոխություններ անցկացնել և պահել իշխանությունը, սակայն դա պատրանք է, քանզի նման ճգնաժամին ընդառաջ և հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշման պատճառով նա չի կարող հասնել այդ նպատակին: Միակ ռացիոնալ տարբերակը մնում է անվտանգ ու անցնցում իշխանափոխության պատրաստվելը։ Դա ձեռնտու է բոլորին, այդ թվում ու նախևառաջ Սերժ Սարգսյանին։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը