Հարցազրույց

22.12.2014 11:32


Արդարադատության փոխնախարարը՝ Սեյրան Սարոյանի ելույթի մասին

Արդարադատության փոխնախարարը՝ Սեյրան Սարոյանի ելույթի մասին

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթը, որով նա արդարացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը, ավելին՝ հայտարարեց, որ հենց պատգամավորները պետք է նրան խորհրդարանում «չափալախեին», որպեսզի դրսում իրենց փոխարեն մեկ ուրիշ «թասիբովը» դա չաներ։

–Այդ հարցն իմ իրավասության շրջանակներում չէ։ Ես ասել եմ՝ մեր դիրքորոշումն այն է, որ մենք բոլոր տեսակի բռնություններին դեմ ենք։ Եվ բազմաթիվ կարծիքներ են հնչել ԱԺ–ում տարբեր քաղաքական ուժերի, պատգամավորների կողմից, նաև Կառավարությունն ու արդարադատության նախարարը բազմիցս կարծիք են հայտնել, որ բոլո՛ր տեսակի բռնություններին մենք դեմ ենք, և դա հակաօրինական է։

–«Մենք» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, իշխանությա՞նը։

–Ես կոնկրետ արդարադատության նախարարության կարծիքն եմ արտահայտում, բայց լսել եմ նաև բազմաթիվ կարծիքներ ԱԺ–ում։

–Հարցս պատահական չէր, քանի որ Սեյրան Սարոյանի այդ ելույթից հետո քաղաքական մեծամասնությունը ծափահարեց։ Դրանից հետո ևս ՀՀԿ–ականները կրկնում էին նրա խոսքերը՝ մի փոքր այլ բառապաշարով։

–Արդարադատության նախարարությունը կարծիք է արտահայտում օրենքի տեսանկյունից՝ մարդու նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն հակաիրավական արարք է և դատապարտելի։ Միգուցե այդ խոսքն ուղղակի եղել է վերացական, այլ ոչ թե գործնական։

–Չէ, լավ էլ գործնական էր։ ՀՀԿ–ականների այս հայտարարությունները չե՞ն կարող դիտարկվել որպես հրապարակայնորեն հնչեցված սպառնալիք։

–Դրա համար կան համապատասխան մարմիններ. հիմա դուք խոսում եք գործադիր մարմնի ներկայացուցչի հետ։ Կարծում եմ՝ հարցադրումն ավելի շատ կարելի է անել իրավապահ մարմիններին, որովհետև դրան գնահատական տալը նրանց իրավասությունների շրջանակներում է։

–Դուք իրավաբան չե՞ք։

–Ես իրավաբան եմ, բայց ես ներկայումս քրեական իրավունքի մասնագետ չեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը