Մեկնաբանություն

19.12.2014 12:59


Օրվա կուրսով ապրող իշխանության վաղվա օրը

Օրվա կուրսով ապրող իշխանության վաղվա օրը

Տարիներ շարունակ ասվում էր, որ Հայաստանի իշխանությունն ապրում է օրվա կուրսով՝ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով։ Հիմա դա խոստովանեց նաև ինքը՝ երկրի գործող իշխանությունը. «Չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի իրավիճակը Նոր տարվա տոներից հետո»։

Իհա՛րկե, չեք կարող։ Իսկ այն, ինչ պետք է ու կարող էիք անել, չեք անի, որովհետև սեփական գրպանն անձեռնմխելի է ձեզ համար։

Վերջին օրերին ստեղծված իրավիճակը պարտադրում է գնալ պետական ծախսերի կրճատման, ինչն արվում է ամեն տեղ։ Անկապ տեղն այս ու այն կողմ մի՛ թռեք, պատվիրակություններ մի՛ ուղարկեք, ավտոպարկը մի՛ թարմացրեք, կրճատե՛ք Սերժ Սարգսյանի խորհրդականների թիվը (որ նախարարը պաշտոնից ազատվում է՝ նշանակվում է գործող նախագահի խորհրդական)։

Մի խոսքով, գոնե այս վիճակում հրաժարվեք «ատկատներից»։ Իհարկե, չեք գնա նման «զոհաբերության»։

Բայց օրվա կուրսով ապրողը պետք է հասկանա, որ կյանքը մեկ օրով չի սահմանափակվում, և վաղը պետք է հաշիվները մուծի։

Այդպես էլ եղավ Հայաստանի գործող իշխանության պարագայում։ Օրվա կուրսով ապրող իշխանությունը խոստովանում է, որ չի կարող ասել, թե վաղը ինչ է լինելու, որովհետև վաղվա օրը պլանավորելու հետ ինքը ոչ մի կապ չունի։

Անցնող տարվա կարևոր ձեռքբերումը նաև այն էր, որ ներքաղաքական օրակարգն այլևս իշխանությունը չի ձևավորում։ Մեկնարկած գործընթացը պետք է հասցվի տրամաբանական ավարտին։ Հայաստանին որակապես նոր իշխանություն է պետք։ Հակառակ դեպքում բոլորս ենք ապրելու օրվա կուրսով՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը