Հարցազրույց

18.12.2014 14:03


Ստեփան Մարգարյան. «Այստեղ իշխանությունների մեղքը շատ է»

Ստեփան Մարգարյան. «Այստեղ իշխանությունների մեղքը շատ է»

Ինչպես հայտնել էինք, նախօրեին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ դռնփակ նստաշրջան էր հրավիրվել, որի ժամանակ քննարկվեց փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցը։ «7օր»–ի հետ զրույցում այդ նիստից մանրամասներ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

–Արտահերթ նիստում ի՞նչ քննարկվեց, և ի՞նչ արդյունքներ տվեց այն։

–Նախ՝ ասեմ, որ շատ կարևոր էր այդ նիստի հրավիրումը։ ԲՀԿ–ն նախաձեռնեց, դրա նախորդ օրը խորհրդակցություն ունեցանք նաև Գագիկ Ծառուկյանի մոտ, քննարկեցինք ոչիշխանական մեր գործընկերների հետ, և միացան բոլոր խմբակցությունները, նաև՝ ՀՀԿ–ն։ Օրակարգում 3 հարց ունեինք՝ ԿԲ նախագահի, Ֆինանսների նախարարության և ՏՄՊՊՀ նախագահի հաշվետվությունները։ Շատ բուռն անցավ նիստը, որը տևեց ուղիղ 6 ժամ՝ առանց ընդմիջման։ Մենք ավարտել ենք նիստը 22։12 րոպեին։ Լսեցինք բոլորին, և ամենակարևորը՝ բավականին լուրջ տեղեկատվություն ունեցանք իրավիճակի մասին։

–Իսկ ինչո՞ւ այդքան կարևոր և ժողովրդին հետաքրքրող նիստը դռնփակ անցկացվեց։

–Մենք համաձայնվեցինք ՀՀ ԱԺ նախագահի առաջարկին՝ նիստն անցկացնել դռնփակ, քանի որ այս իրավիճակում եթե հանկարծ որևէ խոսքի այլ մեկնաբանություն լիներ, խուճապը կարող էր ավելի մեծանալ։ Բացի այդ, որոշակի հարցերի և իրավիճակային տվյալների մասին էինք խոսում, որոնք իրականում չարժեր հրապարակել, որովհետև, նորից եմ կրկնում, կարող էին լինել սխալ մեկնաբանումներ, և դա ավելացներ իրավիճակի լարվածությունը։ Կարծում եմ, որ նիստը կայանալու փաստը, ԱԺ–ի պահվածքը, խորհրդարանի կողմից հաշվետվություն պահանջելը և իրավիճակին ադեկվատ գործելու հորդորները բերեցին նրան, որ մի քիչ ավելի զգաստություն առաջացավ։ Ունեմ տեղեկություն, որ իշխանության բարձր օղակներում ևս քննարկումներ եղել են, և, փաստորեն, այսօր արդյունքը երևաց՝ դրամի կուրսի որոշակի բարձրացում արձանագրվեց, դոլարը սկսեց նահանջել։ Այդ նիստի ժամանակ ԿԲ–ի հիմնական գնահատականն այն էր, որ հաշվարկներով չափազանցված է գոյություն ունեցող կուրսը, և այն փոխվելու է, ինչը նույնիսկ ոչ մասնագետներն էին ասում, որ այս իրավիճակում ոչ միայն խուճապի, այլ նաև սպեկուլյացիայի, ինչ–որ մարդկանց կողմից «ձեռքեր տաքացնելու» հանգամանք կար։ Դոլարի կուրսի այսպիսի կտրուկ՝ օր օրի տասնյակ կետերով բարձրանալը որևէ տրամաբանության մեջ չէր տեղավորվում։

–Կառավարությունն ու ԿԲ–ն իրենց մեղքի բաժինը չունե՞ն ստեղծված իրավիճակում։

–Վստահ եմ, որ ունեն բոլորը՝ ամբողջ իշխանությունն ունի մեղքի բաժին։ Նախ՝ երբ Հայաստանում դեռ չէր սկսվել այս ալիքը, ակնհայտ էր, որ դա հասնելու է Հայաստան, և, կարծում եմ, պրոֆիլակտիկ միջոցառումները, որոնք հնարավոր էր անել դեռ այն ժամանակ, պատշաճ կերպով չեն արվել։ Էլ չեմ ասում, որ շատ կարևոր էր նախկինում իշխանության վարած քաղաքականությունը, որը մեծ մեղքի բաժին ունի այս իրավիճակում։ Ինչո՞ւ է ռուսական ռուբլու արժեզրկումն այսքան աճում, որովհետև մեզ մոտ արտահանումը գնալով նվազում է, այսինքն՝ իշխանությունների վարած քաղաքականությունն արտահանման աճի ուղղությամբ, մեղմ ասած, բավարար չէ, նույնիսկ վերջին տարիներին ընդհանրապես չէր աճում։ Այն մոտ 1,5 մլրդ–ի սահմաններում էր, իսկ 4,5 մլրդ ներմուծումն էր, 3 մլրդ՝ բացասական սալդոն, ինչը լրացվում էր հիմնականում Ռուսաստանից եկած մասնավոր տրանսֆերտների, իսկ մնացածը՝ վարկերի միջոցով։ Դրա համար էլ ֆինանսական շուկայում շատ մեծ կախվածություն էր առաջացել հատկապես Ռուսաստանից եկող տրանֆերտներից, և արդյունքում այնտեղի տատանումները մեզ մոտ էլ բերեցին տատանումներ։ Այսինքն, եթե մենք վարեինք ճիշտ քաղաքականություն, և արտահանումն աճ ունենար, այսպիսի իրավիճակ չէր արձանագրվի։ 3 մլրդ բացասական սալդոն սարսափելի մեծ թիվ է։ Բայց, սրանից բացի, մոտ 10–15 օր առաջ կարելի էր սկսել որոշակի պրոֆիլակտիկ գործողություններ, որ դրամի այսպիսի կրտուկ անկման չհանգեցներ, ինչը չի արվել։ Բնականաբար, այստեղ իշխանությունների մեղքը շատ է։

–Իսկ հիմա՞ ինչ պետք է արվի ֆինանսական շուկայում իրավիճակը կայունացնելու համար, և արվո՞ւմ է արդյոք։

–Մեր երեկվա քննարկումից երևաց, որ լարվածության վտանգավորությունը զգում են նաև իրենք։ Սրան համընկավ նաև ռուսական ռուբլու որոշակի արժեվորումը, ու կուրսը, կարծես, իջնում է։ Ուզում եմ հավատալ, որ այն, ինչի մասին խոսակցություն եղավ երեկ, դրա մի մասն իրենք սկսելու են անել, և հույս կա, որ դոլարի կուրսը որոշակի ձևով կկայունանա։ Ի՞նչ թվի վրա կկայունանա՝ ցավոք, ոչ ոք չի կարող ասել, բայց կարևորը կայունացումն է։

–Կառավարությունն ու ԿԲ–ն որ ասում են՝ ստեղծված իրավիճակում սպեկուլյատիվ երևույթներ կան, դրանցից իշխանությունը բոլորովին անմա՞սն է։

–Կարծում եմ՝ ո՛չ։ Նույնիսկ եթե իշխանության ներկայացուցիչն անձամբ ինքը չէ, իրենք ունեն բազմաթիվ գործիքներ կիրառելու, որպեսզի այլ աղբյուրներից այդպիսի երևույթները վերանան կամ չլինեն։ Անշուշտ, բոլո՛ր դեպքերում իրենք մեղավոր են։ Ի դեպ, այս ամենի մեջ շատ կարևոր քաղաքական «մեսիջ» կա. երբ մենք նախաձեռնում ենք քննարկում, իսկ իրենք մերժում են, դրանից լավ բան չի ստացվում։ Երեկ չեն բոյկոտել, բոլոր ուժերը միասնական նիստ են հրավիրել, և դա արդյունք է տվել։ Եվ երկրորդ՝ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ որևէ ազդեցության հետևանքները շատ երկար սպասեցնել տան։ Երբ որ արվում է ճիշտ և ադեկվատ արձագանքում, դրանք շատ արագ են արդյունք տալիս։ Հայաստանում շատ արագ է հնարավոր խնդիրները լուծել, այդ թվում՝ այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին ֆինանսական դաշտում այս վերջին շրջանի կատակլիզմն էր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը