Մեկնաբանություն

18.12.2014 09:36


Գտնվեցին մարդիկ. զգո՛ւյշ եղեք

Գտնվեցին մարդիկ. զգո՛ւյշ եղեք

«Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարարին հայհոյելուց, բայց չեն վախենում հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով: Վստահ եմ՝ որքան զարգանա մեր հասարակությունը, այնքան այսպես խոսողները քիչ են լինելու: Որովհետև գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան: Գործընթացը նորմալ է գնում»:

Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արել է 2013 թվականի մարտի 18-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ (նախագահականում տեղի ունեցած հայտնի «ինքնաասուլիսում»):

Այսպես, վերջին օրերին արձանագրված բռնությունների փաստերը նախ վկայում են այն մասին, որ Սերժ Սարգսյանի համբերությունն այնքան էլ մեծ չէ:

Երկրորդ՝ ազատամարտիկների եւ քաղաքական գործիչների վրա հարձակումները եւ նրանց նկատմամբ իրականացված ծեծուջարդը ցույց տվեցին, որ «ապահով Հայաստանում» հարցերը դատարանների միջոցով չեն լուծում:

Այսինքն, մեր երկրում դատարաններին ոչ ոք չի վստահում: Դատական համակարգին չի վստահում անգամ Սերժ Սարգսյանը: Այլապես, ինքը կդիմեր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն անձին (անձանց), ով (ովքեր) հրապարակավ վիրավորել է (են) իր անձն ու արժանապատվությունը:

Փոխարենը՝ ընտրվեց այլ ճանապարհ: Դե, որովհետեւ դատարաններն, իրոք, չեն արժանացել մեր ժողովրդի վստահությանը:

Ափսոս, եթե Սերժ Սարգսյանը դատարաններին հավատար, ապա անպայման հայց կներկայացներ դատարան: Տեսնես՝ ինչո՞ւ չի հավատում:

Երրորդ՝ փաստորեն, դատարաններին հանգիստ թողեցին, քանի որ «գտնվեցին մարդիկ», որոնք փողոցի անկյուններից ու խոհանոցներից (փոխոստիկանապետի կաբինետից, ռեստորանից եւ խոպանից) դուրս եկան ասպարեզ եւ հրապարակավ «քննադատեցին» այն մարդկանց, ովքեր չափն անցնում են:

Դե, Լեւոն Երանոսյանը, երեւի, ծանոթ չի եղել «ինքնաասուլիսում» Սերժ Սարգսյանի արած վերոնշյալ հայտարարությանը, թե չէ մի քիչ ուրիշ կերպ «կքննադատեր»: Ոչ թե բոլորիս կսպառնար կտրել մեր ականջները շան թուլի պես կամ ջարդել մեր գլուխները: Համ էլ չգիտեր, որ Սերժ Սարգսյանի համբերությունը շատ մեծ է: Այլապես, ինքն էլ մի քիչ կհամբերեր ու նման վայրենի սպառնալիքներով հանդես չէր գա: Կամ գոնե երկուսի փոխարեն մի անգամ կսպառնար:

Ինչ վերաբերում է խոպանչուն, պարզ է, որ նա էլ «ինքաասուլիսը» չի տեսել (թուրքերն ու ադրբեջանցիներն էլ թարսի պես այդ մասին նրան ոչինչ չեն ասել):

Այլապես, խոպանչին էլ մի քիչ ուրիշ կերպ «կքննադատեր»: Գոնե առանց ձեռքերի եւ ոտքերի:

Այնպես որ, գործընթացը նորմալ է գնում:

Մեր հասարակությունն էլ «զարգանում» է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը