Մեկնաբանություն

18.12.2014 00:35


Լսեք Սերժ Սարգսյանին ու հակառակը սպասեք

Լսեք Սերժ Սարգսյանին ու հակառակը սպասեք

Սույն թվականի օգոստոսին Սոչիում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցները որոշակի հնարավորություն են ստեղծում Հայաստանի արտադրողների համար և թույլ տալիս, որ վերջիններս սպառեն իրենց ապրանքները Ռուսաստանում: Սարգսյանը փորձեց լավատեսորեն մոտենալ ստեղծված իրավիճակին՝ չհասկանալով կամ թաքցնելով իրավիճակի ամբողջ բարդությունը:

Հետագայում Ռուսաստանի նկատմամաբ կիրառված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվեց բավական ծանր վիճակում։ Ռուսաստանի տնտեսական և ֆինանսական շուկայում տեղի ունեցող բացասական իրողությունները չէին կարող չազդել և ազդեցին Հայաստանի՝ առանց այն էլ բազում խնդիրներ ունեցող տնտեսության վրա:

Կանխատեսելի էր, և այսօր արդեն իսկ ամենամեծ բացասկան ազդեցությունն իր վրա զգում է ազգային արժույթը՝ դրամը։

Կենտրոնական բանկի հայտարարած լողացող փոխարժեքի քաղաքականության պայմաններում դրամը հայտնվեց ազատ անկման վիճակում և հստակություն չկա, թե դեռ որքան կշարունակվի դրամի արժեզրկումը:

Չնայած Կենտրոնական բանկը հայտարարել է, որ անցել է լողացող կուրսի, սակայն ինչ կատարվում է դրամի հետ ավելի շատ հիշեցնում է խորտակվող կուրս:

Իսկ, այ երկրում ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատու Սերժ Սարգսյանը, որը շտապել էր Ռուսաստանի նկատմամբ իրականացրած պատժամիջոցներում տեսնել մեծ հնարավորություններ, որևէ հայտարարությամբ կամ բացատրությամբ հանդես չի եկել: Նա, ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում, անհետացել է: Նրա կողմից հանրային որևիցե պարզաբանում չի եղել, թեև որպես երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձ, նա պարտավոր էր պարզաբանել, թե ինչպես եղավ, որ վազելով ենթադրվող հնարավորությունների հետևից, դարձյալ հայտնվեցինք կորցնողի կարգավիճակում:

Ընդհանրապես Սարգսյանի մոտ միշտ ասածների հակառակն է լինում։

Իրականությունը թաքցնելու և ցանկալին իրական ներկայացնելու արատավոր պրակտիկայի հետևանքով Հայաստանը 3.5 տարի բանակցեց ԵՄ-ի հետ՝ Ասոցացման պայմանագրի շուրջ, և հայտնվեց ՄՄ կազմում:

Գրեթե անհնար է հիշել մի դեպք, երբ Սարգսյանը հայտարարի մի բան և տեղի չունենա հակառակը։ Բավականաչափ թարմ է նրա այն պահանջը, որ եթե Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքով (դա վերաբերում է 2013-2017 թթ.) չապահովի 7-տոկոսանոց տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Սա Սերժ Սարգսյանի 2013թ. մարտին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասված խոսքերն են։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չապահովեց այդ պահանջները և շարունակեց ղեկավարել մինչև ընդդիմության պահանջով Սերժ Սարգսյանը նրան ստիպված հրաժարականի ուղարկեց:

Սարգսյանը նաև խոստացել էր, թե գազը չի թանկանա, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Այս ամենը ցույց են տալիս, որ Սարգսյանը շատ թույլ է քաղաքական կանխատեսումներում: Նա չի կարողանում գնահատել քաղաքական իրավիճակը, և ըստ այդմ անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրա համար էլ ժամանակին հնարավորություններ էր տեսնում Ռուսաստանում ստեղծված ծանր վիճակում, իսկ իրականում դրամն արժեզրկվեց, իսկ տնտեսությունը մտավ խորը ճգնաժամի մեջ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Սարգսյանի կառավարման շրջանում սա արդեն տնտեսության երկրորդ խորը ճգնաժամն է:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը