Լրահոս

29.09.2009 10:44


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնին

Սեպտեմբերի 28-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:

Ողջունելով Հայաստանի արտոգործնախարարին' ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե ժողովրդավարական բարեփոխումների, թե տնտեսական զարգացման բնագավառներում: Տիկին Քլինթոնի բնորոշմամբ հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խոր բնույթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակելու համակողմանի համագործակցությունը Հայաստանի Նախագահի, կառավարության և արտգործնախարարի հետ:   Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հիլարի Քլինթոնը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:  Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան բարձր մակարդակի կանոնավոր շփումների կապակցությամբ, ընդգծեց, որ Հայաստանը կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը և համագործակցության ընդլայնմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար: Արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարեւրոեց ԱՄՆ-ի' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում: Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը