Մեկնաբանություն

17.12.2014 12:28


Պետության վախճանը

Պետության վախճանը

Պետության վախճանը, որի մասին այնքան երազում էր Տիգրան Սարգսյանը, երեկ գործնականում տեղի ունեցավ։

Բանն այն է, որ ՀՀԿ–ն ու այդ ուժին կցված ՀՅԴ–ն նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում մեծամասնության ինտելեկտուալ թևի ներկայացուցիչներ Վահրամ Բաղդասարյանը և Սեյրան Սարոյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանին «յուրօրինակ» ծառայություններ մատուցող դաշնակցականները պաշտպանեցին Բաղրամյան 26–ի՝ բռնություններ կիրառելու «իրավունքը» և դատապարտեցին Արամ Մանուկյանին։ Սեյրանը հայտարարեց, որ Մանուկյանը հայհոյել է, և դրա համար էլ նրան հարվածել են, և պետք է ավելի շուտ դա ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորներն անեին, այլ ոչ թե այդ գործը թողնենին «թասիբով թալինցուն»։ Նույն բանը, մի փոքր այլ ձևակերպմամբ, ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Իշխող կոալիցիայի (ՀՅԴ–ն վաղուց է իշխող կոալիցիայի մեջ, պարզապես ինքնափչացման մի շարք ստուգարքներ է հանձնում, որպեսզի կարողանա օրինականացնել «արտաամուսնական» կապը «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր հետ) մյուս ոչ ինտելեկտուալ թևի ներկայացուցիչներն էլ խոստովանեցին, որ Արամ Մանուկյանի վրա հարձակվել են, քանի որ նա մայր է հայհոյել Սերժ Սարգսյանին։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ Արամ Մանուկյանը ոչ թե մայր է հայհոյել, այլ՝ տիրոջ մայր, և բացի այդ՝ ոչ թե Արամ Մանուկյանն է հայհոյել, այլ նա նշել է, որ ժողովրդի մեջ կան այդպես արտահայտվողներ։

Մի կողմ թողնենք նաև այն հարցը, որ անձնական վիրավորանք հասցնելն անընդունելի է։

Հարցը տվյալ դեպքում այն է, որ ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն պաշտպանեցին թալինցի «ինքնաբուխ հայրենասերի» պահվածքը, դրական գնահատեցին Լևոն Երանոսյանի վարքագիծը և խրախուսական բանաձևի տեսք տվեցին իշխանական բռնություններին։

Կրկնեմ՝ այս երկու ուժերի անդամներն իրենց ելույթներում հիմնավորում էին, որ Արամ Մանուկյանը հայհոյել է, և այդ իսկ պատճառով էլ հարված է ստացել, և նորմալ էին համարում դա։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնադատաստանի «իրավունքի» ամրագրում։ «Իրավունք», որը Ս. Սարգսյանը հնչեցրեց Սեյրան Սարոյանի շուրթերով, և որին ծափահարում էր ՀՀԿ–ական պատգամավորական կորպուսը։

Մի խոսքով, պետության վախճանը ծափահարությունների արժանացավ։

Այնպես չէ, որ մինչև հիմա բռնություններ չեն եղել, ու նոր է միայն դա տեղի ունենում։ Բռնություններ եղել են, բայց դրան «օրենսդրաիրավական» տեսք չի տրվել երբեք։ Հիմա արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ բռնությունները կազմակերպել և ինքնադատաստանն իրականացրել է իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո (քանի դեռ Լևոն Երանոսյանը պաշտոնավարում է, այս տեսակետը գերիշխող է)։

Սա արդեն նոր իրավիճակ է ստեղծում։ Հարկավոր է ամբողջ խորությամբ հասկանալ, որ գործ ունենք զինված և ուժային լծակների տիրապետող բանդայի հետ, որի դեմ պայքարի մեթոդոլոգիան պետք է որոշակիորեն վերանայվի։

Համաժողովրդական շարժման ղեկավարությունը համապատասխան եզրահանգումներ պետք է անի՝ հընթացս արձանագրելով, որ մեծ–մեծ խոսողների և «շտուռմավիկների» խոսքը շա՜տ առաջ է ընկած իրենց իրական գործից։ Փիղ ճղողները, պարզվեց, դա անում են միայն թերթերին ու կայքերին հարցազրույցներ տալու ժամանակ՝ չմոռանալով ուրիշից հուժկու ձևով պահանջել հեղափոխություն, այլապես սպառնալով ջարդել ու փշրել։

«Հիմա՛» պահանջողները հիմա պետք է իրենց ցույց տան, բայց դե, իրենք ճառ ասող են, հո զանգ կախող չեն...

Ոմանք հեղափոխական են, բայց՝ ուրիշի թիկունքում թաքնված։ Եվ ուրեմն, քաղաքական քայլերը պետք է ծրագրավորել՝ ելնելով առկա իրողություններից և սառը հաշվարկներից։

Իշխանափոխություն անողն անելու է, այլ ոչ թե դրա մասին ամեն օր հարցազրույց է տալու և հետո ուրիշից բողոքի, թե ինչու այդ իշխանափոխությունը տեղի չի ունենում։

Գլխավոր խնդիրը պետության դե ֆակտո վախճանը դե յուրե չամրագրելն է և այս ամենի դեմն առնելը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երեկ ոչ այնքան նողկալի էր հետևելը ՀՀԿ–ականների ելույթներին, որքան լակեյի կարգավիճակ ստացած ՀՅԴ–ականների պահվածքին։

Սերժ Սարգսյանը սրանց, փաստորեն, որոշել է ամենակեղտոտ ֆունկցիան տալ, օգտագործել մինչև վերջ ու նոր միայն պաշտոններ տալ, որ հանկարծ խաղեր տալու հնարավորություն չունենան, ու զբաղեցնեն իրենց «պատվավոր» տեղը Արտաշես Գեղամյանի «օթյակում»։

Ափսոս էր հարյուր քսանքանիամյա կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը