Հարցազրույց

17.12.2014 12:07


Արմեն Ռուստամյան. «Սեյրան Սարոյանի բերանն ո՞վ կարող է փակել»

Արմեն Ռուստամյան. «Սեյրան Սարոյանի բերանն ո՞վ կարող է փակել»

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

–Ձեր դուրը եկա՞վ այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի հրավիրած արտահերթ նիստում։

–Մեր նախաձեռնությամբ էր. ո՞նց կարող էր մեր դուրը չգալ։

–Ձեր դուրը եկա՞վ, որ ձեր նախաձեռնության արդյունքում ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանն օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից այդպիսի անհարիր հայտարարությամբ հանդես եկավ։

–Մեր նախաձեռնությունը լիներ թե չլիներ՝ Սեյրան Սարոյանի բերանն ո՞վ կարող է փակել. նա երբ էլ ուզենա՝ կխոսի։ Մարդը պատգամավոր է և իր տեսակետն է հայտնում։

–Այսինքն, նորմա՞լ է, որ Սարոյանը հայտարարում է՝ եթե ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին պատգամավորնե՛րն ԱԺ–ում «չափալախ» տային, ապա դա դրսում թասիբով մեկ այլ մեկը ստիպված չէր լինի անելու։

–Ես որևէ մեկին իրավունք չունեմ սովորեցնել՝ ինչպես խոսի։ Ես նրա տեսակետները պարտավոր չեմ կիսել, բայց ես չեմ էլ կարող մարդկանց արգելել, որ իրենց տեսակետն արտահայտեն։ Ո՞ր արժեհամակարգի մեջ է դա տեղավորվում. խոսքի ազատությունը բոլորին է, չէ՞, վերաբերում։ Այլ հարց է՝ ես այդպես կխոսեի՞։ Ո՛չ, ես խոսեցի այնպես, ինչպես ես եմ խոսում։ Այն մարդն էլ խոսեց այնպես, ինչպես ինքն է խոսում, ի՞նչ կա այստեղ։ Կարծում եմ՝ ինքն իր տեսակետից անկեղծ էր խոսում։

–Մտավախություն չունե՞ք, որ այս նույն տրամաբանությամբ՝ վաղն էլ ձեզ կարող են, Սեյրան Սարոյանի բառապաշարով, «չափալախել», եթե իշխանության սրտով մի բան չասեք։

Ես այնքան բան եմ ասել, որ իշխանության սրտով չի եղել, ու՝ առանց մտավախության։ Անընդհատ էլ այդ վիճակում եմ ես գտնվում։

–Այդ դեպքում ինչո՞ւ ապտակի չեք արժանանում։ Օրինակ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարին «չաթլախ» էիք անվանել։ Նշանակում է՝ նա էլ ձե՞զ պետք է ապտակ հասցներ։

–Ես այդ հայտարարությունից հետո ասել եմ, որ դա իմ բառապաշարը չէ։ Դա բացառություն էր, ինչը հաստատում է օրինաչափությունը։ Իսկ «չափալախողն» իր պատասխանը ստանում է. ով էլ փորձում է դրան ոչ ադեկվատ արձագանքել՝ էլի պատասխան է ստանում։ Կյանք է, էլի, ապրում ենք այս վիճակով արդեն երկար ժամանակ։

–Մամուլում այսօր ևս տեղեկություն կար, որ ՀՅԴ–ն առաջիկայում վերադառնալու է կոալիցիա, իսկ դրա առաջին քայլերից մեկն էլ Արա Նռանյանին պաշտոն տալն է։

–Սո՛ւտ են կոալիցիա մտնելու խոսակցությունները։ Իսկ Արա Նռանյանին պաշտոն կարող են տալ, քանի որ նա շատ պատրաստված տղա է, և ամեն տեղ էլ կարող է աշխատել։ Այսինքն, եթե Դաշնակցությունն իշխանության մեջ չէ, ուրեմն բոլորը պետք է աշխատանքից ազատվեն, և թողնեն երկրից գնա՞ն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը