Մեկնաբանություն

17.12.2014 12:03


ՀՀԿ–ն ծափահարեց թալինցի խոպանչիին

ՀՀԿ–ն ծափահարեց թալինցի խոպանչիին

Ամենամեծ թուլությունը թույլ երևալու խուճապային վախն է։

Երեկ խորհրդարանում «ՀՀԿ @ co»–ի վարքագիծն ամբողջությամբ տեղավորվում էր այս դատողության տիրույթում։ Սեյրան Սարոյանն անկեղծորեն հայտարարում է, որ «Արամ Մանուկյանի վրա հարձակումը չէր լինի, եթե Ազգային ժողովում նրան պատժեին»։

Ու հնչում են հանրապետական երեսփոխանների ծափերը։ Այսինքն, ՀՀԿ–ն ծափահարում է նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ով իրար հետևից հայտարարեց, թե չի հանդուրժի իր ներկայությամբ Սերժ Սարգսյանի հասցեին արված ցանկացած վիրավորանք. «ականջը կկտրի, գլուխը կջարդի»...

Բազմիցս շեշտվել է, որ հասարակական, առավել ևս՝ քաղաքական կյանքում անձնական վիրավորանքը, հայհոյանքը պետք է բացառվեն։ Բայց Ազգային ժողովում երեկ տեղի ունեցածը լրիվ այլ տրամաբանության մեջ էր։

Քաղաքական մեծամասնությունը ոչ բաց տեքստով, քողարկված, բայց շատ հասկանալի ծափահարեց վերջին օրերի հարձակումներին (մենք թույլ չենք)։

Ամբողջ զավեշտն այն էր, որ ՀՀԿ և ՀՅԴ նախաձեռնած համատեղ հայտարարությունը պետք է դատապարտեր դրանք, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին հարվածելու դեպքը։ Բայց ստացվեց, որ դատապարտեցին Արամ Մանուկյանին ու ազատամարտիկներին՝ «նման հայտարարություն չանեիր՝ քեզ էլ չէին հարվածի» թեմայով։

Սրանով ՀՀԿ–ն դուրս մղեց իրեն քաղաքական դաշտից՝ դիրքավորվելով «կիսաբլատնոյի» տիրույթում։ Նառերի վրայի սիրված երգերից մեկի տրամաբանությամբ. «Широка страна родная, тесно стало, твою мать. Все блатные, все спортсмены, на хрен некого послать!»։

Հանրապետականը որքան ուզում է՝ կարող է ինքն իրեն ծափահարել. դրանից ո՛չ գաղջ մթնոլորտն է փոխվելու, ո՛չ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը։ Հակառակը՝ տեսնում ենք՝ օր օրի ինչ է կատարվում երկրում։ Եվ որպեսզի փոխվի այսօրվա իրականությունը, համատարած հահոյանքներն ու անեծքները գոնե թուլանան, պետք է միայն մեկ բան՝ քաղաքական մեծամասնությունը հեռանա (կամ հեռացվի)։ Թեկուզ՝ ինքնածափահարություններով։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը