Մեկնաբանություն

16.12.2014 00:28


Գալուստ Սահակյանի «փիլիսոփայությունը» և արդարադատությունը

Գալուստ Սահակյանի «փիլիսոփայությունը» և արդարադատությունը

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով վերջին օրերին հանրապետությունում միմյանց հաջորդած հարձակումներին, հայտարարեց, թե իրենք կողմնակից են «ամեն ինչ անելու, որ արդարադատություն լինի»՝ ավելացնելով. «Մարդիկ մտածում են` Ազգային ժողովը դատարան է, և վճիռ պետք է կայացնի: Արդարադատությանը չի կարելի էսպես անհարմար դրության մեջ գցել»։

Իսկ ո՞վ է արդարությանն ու արդարադատությանն այսօր Հայաստանում անընդհատ անհարմար վիճակի մեջ դնում։

Ազատամարտիկների վրա հարձակումներից հետո ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն իրար հետևից հարցազրույցներ տվեց՝ սպառնալով, թե չի հանդուրժի իր ներկայությամբ Սերժ Սարգսյանի հասցեին արված և ոչ մի թթու խոսք ու անգամ՝ ոչ թթու խոսք։

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, ով պարտավոր է ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը, ինքնագոհ սպառնում է «ականջները կտրել», «գլուխը ջարդել»... Եվ ի՞նչ... Ինչ–որ նկատողություն է ստանում ու շեշտում, թե այն իրեն արել է ոչ թե իր գերագույն հրամանատարը (Սերժ Սարգսյանը), այլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հասկացնելով, որ իր համար կարևորը Սարգսյանից չստացած նկատողությունն է, այլ ոչ թե Գասպարյանից ստացածը։ Ինչ անհարմար դրության մեջ հայտնվեցին արդարությունն ու արդարադատությունը։

Կամ ինչպե՞ս է ստացվում, որ ռեստորանային համալիրի մոտ ազատամարտիկների վրա հարձակվածներից և ոչ մեկին չեն կարողանում գտնել, չնայած նրան, որ բոլորը, այդ թվում՝ Գալուստ Սահակյանը, գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ում հրահանգով, և ում մասնակցությամբ։ Կրկին արդարությունն ու արդարադատությունն անհարմար վիճակի մեջ են հայտնվել։

Կոնկրետ հարձակումների մասով իրավիճակը փոքրիշատե շտկելու առաջին քայլը պետք է լինի Երանոսյանի պաշտոնանկությունը։ Իսկ ԱԺ նախագահը, ով հայտարարում է, թե ամեն ինչ անելու են արդարադատության հաստատման համար, պարտավոր է միանալ փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու համաժողովրդական շարժման պահանջին։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում արդարությունն ու արդարադատությունը Գալուստ Սահակյանին այսուհետ շատ անհարմար վիճակներից են նայելու։

Ի վերջո, հաստատվել է, որ Երանոսյանը ոչ միայն ապօրինի հայտարարություններ է արել, այլ նաև ապօրինի գործողությունների գնացել՝ ազատամարտիկներին հրավիրելով ռեստորան ու առաջարկելով լքել երկիրը, այլապես վատ կլինի ազատամարտիկների համար։

Ոստիկանության զորքերի հրամանատարին, հետևաբար, ոչ միայն պետք է աշխատանքից ազատել, այլև գործ հարուցել նրա դեմ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը