Հարցազրույց

15.12.2014 15:10


Արամ Հարությունյան. «Այն դժգոհությունը, որ կար այս իշխանությունների նկատմամբ, ավելի խորացավ»

Արամ Հարությունյան. «Այն դժգոհությունը, որ կար այս իշխանությունների նկատմամբ, ավելի խորացավ»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

-Ինչպե՞ս կորակեք վերջին շրջանում իրականացված հարձակումները ազատամարտիկների և քաղաքական գործիչների վրա։

-Նախ՝ իշխանությունները հոգեվարքի մեջ են. այդպիսի ժամանակ արջի ծառայություն մատուցողներ կան: Երանոսյանը մոռանում է, որ Սերժ Սարգսյանն իրեն ծառայություն մատուցածներին, սկսած Թամամյանից, Հայկ Հարությունյանից, զոհաբերում է: Այդ տղաները վաղը փախնելու են, երբ իշխանափոխություն լինի, կամ փորձելու են կապեր ստեղծել ապագա իշխանության հետ։ Այնպես որ, համոզված եմ, որ ազատամարտիկները հասկանում են՝ ինչն ինչոց է, և այն մարդիկ, որոնք պատերազմում արյուն են տվել, անկախության համար արյուն են տվել, նրանց հնարավոր չէ վախեցնել։ Նամանավանդ քաղաքական ուժերը, որոնք այսօր ընդդիմադիր են, «եռյակը» և համաժողովրդական շարժումը կանգնած են և պատրաստ են տարբեր միջոցներով սատար կանգնել տղաներին։

–Ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները։

–Ես համոզված եմ, որ իշխանություններին ոչինչ չի հաջողվի, որովհետև ազատամարտիկների վախը հաղթահարված է, և ժողովուրդն էլ կորցնելու ոչինչ չունի, Սերժ Սարգսյանն էլ այն մարդը չի. մինչև վերջ կռիվ տվող չի։ Հենց տեսնի՝ իրավիճակը սրվեց, շատ արագ գնալու է զիջումների, արդեն գնացել է մի քանի զիջման: Նորից եմ ասում՝ փորձում են արջի ծառայություն մատուցել. առաջ են նետում, այսպես ասած, բարոյապես արժեզրկված մարդկանց, որոնք մտածում են, թե ուսադիրներ ունեն, ապա իրենց ամեն ինչ կարելի է, կամ կարող են ականջներ քաշել: Երբ իրավիճակը սրվում է, երևում է, թե այդ մարդիկ ինչպես են վախվխում։ Հիմա ի՞նչ է պատահել... Հարցն այն է, որ չէր կարելի նման բան անել, որովհետև ազատամարտիկները մեր ժողովրդի համար գնահատելի են, մենք այդ մարդկանցով ենք հպարտանում։ Այդ մարդիկ Եռաբլուրում իրենց ընկած ընկերների շիրիմների մոտ այդ թեմայով խոսում են, որ ցանկացած պահի պատրաստ են կանգնելու։ Որքան էլ փորձեն ջուր պղտորել, ազատամարտիկների մեջ ինչ–որ բան ստեղծել, հնարավոր չէ։ Մարդը, որը կռվել է, պայքարել է հայրենիքի համար, երբեք չի հանդուրժի այօրվա ծանր վիճակը։ Նրա գեներալներն այնքան չալաղաջ են կերել, որ իրենց փորից ներքև չեն տեսնում, թե ազատամարտիկներն ինչ ծանր պայմաններում են ապրում։ Եվ զարմանալի է, որ Երկրապահը հայտարարություն չարեց, որն իշխանությունների ձեռքին գործիք է...

-Դուք խոսեցիք վախից, որ այն հաղթահարված է։ Կարո՞ղ ենք նշել, որ հարձակումներն արվել են երկրում վախի մթնոլորտ սերմանելու համար։

-Այո՛, իհա՛րկե։ Սկսած Շանթ Հարությունյանից՝ այդ թեման շարունակվում է և՛ նրա, և՛ որդու նկատմամբ. ժամկետները, որ տրվեցին, նպատակն այն էր, որ վախի մթնոլորտ ստեղծվի։ Բայց ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն իմաստուն է, որ մեր ժողովրդին հնարավոր չէ կոտրել։

-Հարձակումներն արդյոք ցանկալի արդյունք տվեցի՞ն իշխանությունների համար։

-Ես համոզված եմ, որ հակառակը։ Այն դժգոհությունը, որ կար այս իշխանությունների նկատմամբ, ավելի խորացավ։ Համոզված եմ նաև՝ այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին ծառայություններ են մատուցել, կտեսնեն, որ պատասխանատու են կամ գոնե ծառայություններ են մատուցել Սերժ Սարգսյանին, այդ մարդկանցից ոչ ոք այսօր պաշտոնի չէ։ Երանոսյանը պետք է հասկանա, որ առաջինն ի՛նքն է զոհաբերվելու։ Իշխանությունը, որն արտաքին դիվանագիտության մեջ խելոք չի, տնտեսություն զարգացնելու մեջ խելոք չի, ինչ ինտրիգներ փորձում է անել՝ պրիմիտիվ քայլեր են. համոզված եմ՝ դրանք ոչինչ չտվեցին։ Այս իրավիճակից դուրս գալու համար և՛ ազատամարտիկները, և՛ ժողովուրդը պետք է հասկանան, որ միակ ելքը իշխանափոխությունն է։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը