Մեկնաբանություն

15.12.2014 10:00


«Մութ ուժերը» հայտնաբերվեցին

«Մութ ուժերը» հայտնաբերվեցին

Ազատամարտիկների ու քաղաքական գործիչների դեմ հարձակումներից հետո իշխանական քարոզչամեքենան բազմաթիվ անհեթեթ վարկածներ դրեց շրջանառության մեջ։ Դրանցից մեկի համաձայն՝ բռնարարքների պատվիրատուներին պետք է փնտրել դրսում, քանի որ «մութ ուժերը» ցանկանում են վնասել գործող իշխանություններին։

Նման «միտք» հայտնեց ՀՀԿ–ական Համլետ Հարությունյանը՝ «Բառադի» կոդային մականունը կրող Համոն, որին ձայնակցեց նաև Սերժ Սարգսյանի նորահայտ PR–շիկ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես դրսի ուժերի վարկածը հավանական համարեց սերժական «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։

Մյուս ՀՀԿ–ականներն էլ, դեմքներին սրտաճմլիկ արտահայտություն տալով, հայտարարում են, թե սա հաստատ ձեռնտու չէ իշխանություններին (թե ինչու ձեռնտու չէ, չի հիմնավորվում)։

Փաստորեն, ստացվում է, որ, ասենք, այլմոլորակայիններն էին բիզնեսմեն–փոխոստիկանապետ Երանոսյան Լյովայի ուղեղը մտել ու նրան դրդել հակաօրինական քայլերի և հայտարարությունների գնալ։ Կամ էլ «Ալ Քաիդան» է հարձակվել Սուրեն Սարգսյանի վրա։

Դեռ երկար կտանջվեին ՀՀԿ–ականները դրսի հետքը գտնելու հարցում և երկար կտանջեին մեզ, եթե օգնության չհասներ ոստիկանությունը։

Երեկ վերջապես դրսի հետքը հայտնաբերվեց։ Վերջապե՜ս...

Պարզվում է, որ այս քստմնելի արարքների գաղափարական պատվիրատուները ... թուրքերն ու ադրբեջանցիներն են, ովքեր հոգեբանորեն ազդել են Թալինի բնակիչ, խոպանչի Արշակի վրա և ուղղորդել նրան։ Արշակն էլ սրտից թույլ տղա է դուրս եկել, ազդվել է թուրքերի ու ադրբեջանցիների ասածներից, մի կերպ ինքնաթիռի տոմսի փող է ճարել, եկել է Հայաստան, հետապնդել է Արամ Մանուկյանին ու հարվածել նրան։ Ահա այսպիսի հնդկական կինո։

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։ Կարող է, այն էլ ինչպես կարող է։

Ու եթե հաշվի առնենք, որ թալինցի Արշակը ՌԴ–ում է փող վաստակում, ապա այս հանցագործության մեջ ոչ միայն թուրքերի ու ադրբեջանցիների մատը կարող է խառը լինել, այլ նաև Պուտինի։ Կամ էլ խոպանչի Արշակը «անկախ» մամուլի կողմից կարող է ՌԴ–ում աշխատող ծպտյալ արևմտամետ ներկայացվել, ինչն էլ «գաղափարական» կդարձնի ԵՏՄ–ին կողմ քվեարկած Արամ Մանուկյանի դեմ հարձակումը։

Եթե մարդիկ լուրջ դեմքով հայտարարում էին, որ անվադողերի այրման պատվիրատուն Պուտինն է, ապա ինչո՞ւ չի կարելի նաև Արշակի հարձակմանը տալ «գեոպոլիԾիկ» տեսք, հատկապես ռուս–թուրքական գազային պայմանագրից հետո։

Այնպես որ, «Գեբելսյան» քարոզչամեքենային անվճար իդեաներ եմ տալիս անհեթեթություններ տարածելու համար։ Զարգացրե՛ք նաև «գեոպոլիԾիկան»։ Միգուցե այս էժանագին թատրոնը մի քիչ հետաքրքրանա։

Թե քանի էշ կհավատա «մութ ուժերի» ու «գեոպոլիԾիկ» վարկածներին, արդեն էական չէ։ Իշխանություններին երբեք էլ չի հետաքրքրել խոսքի արժեքը։ Հակառակը՝ նրանք վերջին վեց–յոթ տարվա ընթացքում բռնաբարել են ռացիոնալ միտքն ու տրամաբանական խոսքը։ Ու հանգիստ կարող են շարունակել այդ գիծը, մինչև որ իշխանափոխությունը վերջ կդնի այս ամենին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը