Մեկնաբանություն

14.12.2014 12:25


Խոսիր և ծեծվիր

Խոսիր և ծեծվիր

«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական և պետական գործիչների: Մենք սկսեցինք և մինչև վերջ հասցրեցինք մի շարք առանցքային ծառայողական քննություններ: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը: Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը և վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելու՝ մարդկանց՝ ընդդիմախոսելու իրավունքը: Մենք չենք խուսափել ոչ մի դժվարությունից: Բարեփոխումներն սկսել ենք ամենադժվար և ամենակարևոր ուղղություններով: Սկսել ենք ոստիկանության և արդարադատության համակարգերից: Մենք պահանջեցինք մեր ոստիկանությունից քաղաքացուն ծառայել նորովի: Ծառայել բարեխղճորեն:

Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»։

Սա հատված է 2012 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՀԿ 14-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից:

Մենք, մենք, մենք, մենք, մենք…

Պարզ է, չէ՞, որ ՀՀԿ առաջնորդի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Կոռուպցիան ու չարաշահումները լուսանցքում չեն, անպատժելիությունն ու ամենաթողությունը արմատացել են, ոստիկանության ու արդարադատության համակարգերում «բարեփոխումներ» իրականացվել են այնպես, որ դրանք ծառայում են ոչ թե քաղաքացուն, այլ՝ իշխանություններին:

Հանուն Սերժ Սարգսյանի փոխոստիկանապետը կարող է մարդու ականջները կտրել՝ շատ թուլայի պես կամ մարդու գլուխը ջարդել: Իսկ ոստիկանապետն էլ կարող է խառնվել քաղաքականությանը՝ հայտարարելով, թե գիտի՝ ով ինչ է մտածում ու շնչում, այնպես, որ թույլ չի տա, որ երկրում հեղափոխություն անեն:

Այսպիսի «բարեփոխումներ» են իրականացվել:

Այդ «բարեփոխումների» արդյունքում այսօր ազատամարտիկների ու քաղաքական գործիչների դեմ բռնարարքներ են իրականացվում: Այդպես են վերականգնել «մարդկանց ընդդիմախոսելու իրավունքը»: Իրավունք ունես ընդդիմախոսել, բայց դրա դիմաց սպասիր ծեծուջարդի:

Եվ այս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ քայլեր անելու փոխարեն փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը անպատկառորեն հոխորտում է՝ ով Սերժ Սարգսյանին բան ասի՝ ականջները կկտրի: Ու հրապարակավ արված այս սպառնալիքի հեղինակը ընդամենը «պատժվում» է նկատողությամբ, բայց այդ «պատիժից» հետո էլ կրկին հարցազրույց է տալիս ու կրկնում իր հոխորտանքը:

Սերժ Սարգսյանը խրախուսել ու առաջ է քաշել այնպիսի կրթված պետական գործչի, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է (Լիսկա), այնպիսի կիրթ պաշտոնյայի, ինչպիսին Լեւոն Երանոսյանն է, այնպիսի կիրթ քաղաքական գործչի, ինչպիսին Առաքել Մովսիսյանն է (Շմայս):

Այս տեսակին է խրախուսել ու առաջ քաշել:

Եվ հավատացնում էր, թե հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում:

Նոր սերունդն այսօր իր աչքով է տեսնում այս ամենը:

Ի՞նչ հուշեր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը