Մեկնաբանություն

13.12.2014 14:40


Ասում եք՝ «պրոբլեմ չունե՞ք»

Ասում եք՝ «պրոբլեմ չունե՞ք»

Երեկ համաժողովրդական շարժումը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին և քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ վերջին օրերին քաղաքական հողի վրա տեղի ունեցած հանցագործությունները ողջամիտ ժամկետում չբացահայտման դեպքում ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարևոր կետերից մեկը։

Հայտարարությունից ժամեր անց հարձակման է ենթարկվում Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Իսկ նույն Լևոն Երանոսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում կրկին սպառնում է. «Ես իմ խոսքը պնդում եմ՝ եթե որևէ մեկը իմ ներկայությամբ գերագույն հրամանատարի հասցեին որևիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ, ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»։
Միանշանակ, քաղաքական հարթակում հայհոյանքը պետք է վերանա։ Անկախ նրանից՝ ով է դա ասում, և ում է այն ուղղված։ Սակայն նույնքան միանշանակ է, որ «ականջ կտրող», «գլուխ ջարդող» «ասլանների» ժամանակները պետք է շատ կարճ ժամանակում ավարտվեն։

Չգիտակցել այն ուժը, որն այսօր ունի համաժողովրդական շարժումը, պարզագույն անհեռատեսության և ուռճացված ինքնավստահության արդյունք է։ Կամ էլ՝ վա–բանկ են գնում։ Բայց դա արդեն էական չի։

Երանոսյանն «ականջները շան թուլի պես կկտրեմ» խոսքերի համար Վլադիմիր Գասպարյանից նկատողություն է ստացել։ Միգուցե, բանավոր։ Բայց ձևական այդ նկատողությանը հաստատ հետևել է «Դու պրոբլեմ չունես» ոգեշնչումը։ Հակառակ դեպքում Երանոսյանը հերթական սպառնալիքը չէր հնչեցնի։

Իրականում դո՛ւք «պրոբլեմ» ունեք։ Թեկուզ միայն այն պատճառով, որ բացարձակապես սխալ եք գնահատում իրավիճակը։

Այլ ելք չկա. համաժողովրդական շարժումը պե՛տք է անի իր գործը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը