Հարցազրույց

12.12.2014 12:48


Հովհաննես Հովհաննիսյան. «Գորշ մարդիկ են, գորշ իշխանություն է»

Հովհաննես Հովհաննիսյան. «Գորշ մարդիկ են, գորշ իշխանություն է»

Հարցազրույց «Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ

–Երեկ ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ օրեր առաջ էլ՝ ազատամարտիկները, հարձակման են ենթարկվել։ Ի՞նչ գնահատական կտաք նման երևույթներին հայաստանյան իրականության մեջ։

–Առաջին անգամ չէ, որ Հայաստանում իշխանությունը փորձում է ընդդիմության կամ իրենց կարծիքն արտահայտող քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ բռնություն գործադրելու այդ մեթոդիկան։ Երեք օրվա ընթացքում երեք նման բավականին զազրելի դեպք կատարվեց Հայաստանում. ձեռք բարձրացրեցին սրբություն ներկայացնող ինստիտուտի՝ ազատամարտիկների վրա... այդ մարդիկ եթե ծնվել, ապրում են զուտ դրա համար։ Պատիվ չէ նաև մեր երկրի խորհրդարանին պատգամավորի վրա հարձակումը։ Կան արժեքներ, որ պետք է սրբության պես պահել, բայց, ցավոք սրտի, մեր իրականությունն է այդպիսին։ Այս որակի իշխանությունները քաղաքական պայքարը, քաղաքական խնդիրները տեղափոխում են այլ դաշտ։

–Համաժողովրդական շարժման գործընթացը թափ է հավաքում, և դրան զուգահեռ՝ գրանցվում է բռնությունների դեպքերի աճ։ Ի՞նչ է ցանկանում դրանով ասել իշխանությունը։

–Գիտեք, իշխանությունը փորձում է նման մեթոդներով վախեցնել համաժողովրդական շարժմանը մասնակից մարդկանց, որոնք ցանկություն ունեն միանալու և իսկապես ոտքի կանգնելու։ Պետք է ասեմ, որ աշխարհի ոչ մի երկրում, այդ թվում՝ Հայաստանում, նման մեթոդներով ոչ մի շարժում չեն կարողացել խափանել։ Այդպիսով լարում են իրավիճակը... Գորշ մարդիկ են, գորշ իշխանություն է. նրանք քաղաքական թատերաբեմում ասելիք կամ խոսելիք չունեն, և իրենց սնանկությունը փորձում են կոմպենսացնել նման արարքներով։ Կարծում եմ՝ դա շատ ավելի վատ է մեր երկրի, մեր պետության և, առաջին հերթին, այս իշխանությունների համար։

–Բազմիցս նշվել է, որ համաժողովրդական շարժումն անբեկանելի է, և հասնելու է իր հաղթական ավարտին։ Դուք է՞լ եք դա պնդում։

–Իհարկե։ Սովորաբար, եթե շարժումը սկսել և զարգանում է, ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է և կարծիքն է։ Պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը, հասարակությունն ու քաղաքացին այլևս հնարավորություն չունեն սպասելու, հնարավորություն չունեն ապրելու։ Երկրում առաջնային է դարձել համակարգային փոփոխությունների հարցը։ Իսկ համակարգային փոփոխություններ կլինեն երկրում այն դեպքում, երբ լինեն համապետական արտահերթ ընտրություններ, և երկրում փոխվի գործող քաղաքական էլիտան։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը